Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում Հարավային Կովկասում, զբոսաշրջիկների ավելացում․ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառում

Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում Հարավային Կովկասում, զբոսաշրջիկների ավելացում․ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառում
Տնտեսություն
18:18, 04 сентябрь 2023
Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության է դրել «Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032թթ․ ծրագիրը» հաստատելու մասին նախագիծը։  

Նախագծում նշվում է, որ խաղողագործությունը և գինեգործությունը ՀՀ տնտեսության կարևոր և եկամտաբեր ճյուղերից են: 2016թ․ գինեգործության ոլորտը Կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ։ 

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսների մեծացում՝ հասցնելով շուրջ 10,200 հեկտարի, ինչպես նաև գինու արտադրության ծավալների աճ՝ 5 անգամ կամ տարեկան՝ 67 մլն լիտր: Նախատեսվում է արտադրված գինու 90%-ից ոչ պակասի իրացումը ներքին և արտաքին սպառման շուկաներում 2023-2032 թվականներին հասցնել 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի:

Նախատեսվում է նաև Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում Հարավային Կովկասում, որպես առաջատար դիրքավորում, գինու զբոսաշրջիկների ավելացում:

Նախագծում ընդգծված է՝ ծրագրի իրականացմամբ կպահպանվեն խաղողի տեղածին սորտերը, ինչպես նաև կապահովվի վիրուսազերծ հավաստագրված տնկանյութ:

Նախատեսվում է նաև հիմնել հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ և ապահովել գործունեությունը թիրախային շուկաներում՝ Միացյալ թագավորությունում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում։  

Հայաստանի գինու ոլորտի զարգացման ծրագրի ընդունման հիմնական նպատակն է ապահովել հայկական գինեգործական արտադրանքի կայուն որակ և բավարար արտադրության ծավալներ։