Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի մարզի գյուղացիներն ահազանգում են՝ գործարանները խաղողի մթերման պայմանագրեր չեն կնքում․ մարզպետարանից պատասխանում են՝ աշխատանքներ են տանում խնդիրը կարգավորելու համար

Արարատի մարզի գյուղացիներն ահազանգում են՝ գործարանները խաղողի մթերման պայմանագրեր չեն կնքում․ մարզպետարանից պատասխանում են՝ աշխատանքներ են տանում խնդիրը  կարգավորելու համար
Տնտեսություն
12:03, 05 сентябрь 2023
Արարատի մարզի Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերից Civic.am-ին ահազանգել են, որ գյուղացիների հետ գործարանները պայմանագրեր չեն կնքում, ինչն իրենց մտահոգում է։

Գյուղացիների շրջանում արդեն զրույցներ են պտտվում, թե դա դիտավորյալ են անում, որպեսզի հետագայում, ավելի էժան գնով մթերեն։

Գյուղացիները նաև նշում են, որ իրենք հողի հարկ են վճարում, ջրի վարձ են վճարում և այլ ծախսեր են անում՝ խաղողի այգիները պահելու համար, իսկ հիմա մտահոգված են, որ անգամ անգամ այդ ծախսերը չկարողանան հանել։

Այս խնդրի առնչությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք Արարատի մարզպետի աշխատակազմից, որտեղից մեզ պատասխանեցին հետևյալը․

«Մարզպետարանն աշխատանքներ է տանում՝ առկա թերությունները, խնդիրները հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ»։

Իսկ էկոնոմիկայի նախարարությունից մեզ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ վերջին տարիներին ինտենսիվ այգիներ հիմնելու ակտիվություն նկատվում է նաև Արարատի մարզում, սակայն գյուղացիներն ասում են, որ եթե պետք է այգի հիմնեն, բայց ստացած բերքը չկարողանան մթերել, ինչի համար են այդ այգիները։

Ի դեպ այս տարի, թե՛ Արարատում, թե՛ Արմավիրում խաղողի բերքը բավականին լավ է, մնում է հուսալ, որ այն հաջողությամբ կմթերվի։

Լիլիթ Թադևոսյան