Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհը Վրաստանն ընկալում է որպես գինեգործական հնագույն երկիր, չնայած նրան, որ Հայաստանն ունի դա վկայող ավելի շատ փաստեր. Զարուհի Մուրադյան

Աշխարհը Վրաստանն ընկալում է որպես գինեգործական հնագույն երկիր, չնայած նրան, որ Հայաստանն ունի դա վկայող ավելի շատ փաստեր. Զարուհի Մուրադյան
Տնտեսություն
20:50, 06 сентябрь 2023
 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թթ. ծրագիրը» հաստատելու մասին նախագիծը։ Նախագծում նշվում է, որ խաղողագործությունը և գինեգործությունը ՀՀ տնտեսության եկամտաբեր ճյուղերից են, իսկ 2016 թ. գինեգործության ոլորտը Կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ։ 
 
Civic.am-ը ծրագրի մարտահրավերների մասին զրուցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ։

 
 
-Տիկին Մուրադյան, ծրագրի իրականացմամբ ակնկալվում է գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսների մեծացում՝ հասցնելով շուրջ 10,200 հեկտարի, ինչպես նաև գինու արտադրության ծավալների աճ՝ 5 անգամ կամ տարեկան՝ 67 մլն լիտր: Որոշ մասնագետների կարծիքով Հայաստանում խաղողի այգիների մեծ մասը կոնյակի խաղող է։ Մեր երկիրն ունի՞ հնարավորություն ավելացնելու խաղողի գինու արտադրական ծավալները 5 անգամ։ 
 
-Մեր գործունեության հինգ տարիների ընթացքում իրականացրել ենք ծրագրեր՝ ուղղված բոլոր գինեմետ սորտերին, այսինքն՝ իրականացրել ենք մի շարք հետազոտություններ, որպեսզի հասկանանք մեր սորտերի ներուժը, և մեր նպատակն է խթանել այդ սորտերի տարածումը։ Բացի դրանից կոնյակի համար նախատեսված որոշակի սորտեր կան, որոնք կարող են նպաստավոր լինել, օրինակ, սպիտակ գինեգործության համար, և այդ սորտերը կարող ենք օգտագործել գինեգործության զարգացման նպատակով։ 
Կա նաև ծրագիր կոնյակի քիչ պահանաջարկ ունեցող սորտերի վերափոխման վերաբերյալ․ այն սորտերը, որոնք օգտագործվել են կոնյակի արտադրության համար, բայց այսօր այդքան էլ պահանջված չեն, կարող են վերափոխվել արժեքավոր գինեմետ սորտերով։ Օրինակ Կանգուն, Բանանց, Մսխալի սորտերից ստացվում է բավական հետաքրքիր սպիտակ գինի, որոնք մատչելի են, բայց միևնույն ժամանակ լավ որակի, ինչը ևս մեծ պահանջարկ ունի արտերկրում։ Այդպիսի գինիները, օրինակ, կարող են ներկայացվել Լեհաստանի, Չինաստանի և այլ շուկաներում։  
 
Բացի դրանից իրականացրել ենք նաև հողերի մոնիտորինգ և դիտարկել ենք այն տարածաշրջանները, որոնք երբևիցե չեն համարվել նպաստավոր խաղողագործության համար, որպեսզի խաղողագործության ու գինեգործության  ծրագրեր իրականացնենք նաև այդ տարածաշրջաններում։
 
Պետք է նշել, որ այս հինգ տարիները փորձարարական փուլ են հանդիսացել․ անընդհատ փորձեր ենք իրականացրել սորտերի հետ՝ հասկանալու համար, թե առավելագույն որակի ինչ գինիներ կարող ենք ստանալ դրանցից։
 
-Նախատեսվում է նաև արտադրված գինու 90%-ից ոչ պակասն իրացնել թե ներքին, թե արտահանման սպառման շուկաներում՝ 2023-2032 թթ հասցնելով 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի: Կա՞ որոշակի հաշվարկ՝ արտադրված գինու քանի՞ տոկոսն է իրացվում։ Ներքին շուկայում ակնկալվում է մեկ շնչի հաշվով սպառման ծավալների ավելացում մինչև 10 լիտր։ 
 
-Վերջին տարիներին գինեգործության ոլորտում նկատվում է արտադրության, արտահանման, ներքին շուկայում սպառման աճի միտում, ինչպես նաև ամեն տարի ավելանում են նոր արտադրողների թիվն ու ներդրումային հոսքերը։

 Հիմնադրամի գործունեության ողջ ընթացքում ակտիվ ծրագրեր են իրականացվել միջազգային շուկայում հայկական գինիների առաջմղման և սպառմանն ուղղված ծրագրեր, և համապատասխան ֆինանասավորում ունենալու դեպքում, իհարկե, ավելի ակտիվ գործունեություն կծավալենք․ արդեն նշմարել ենք կարևոր ուղղությունները, որոնցով պետք է շարժվենք առաջ։ Կարծում եմ՝ մի քանի տարի ակտիվ աշխատելուց հետո կունենանք ավելի լավ արդյունք։ Աճել է նաև ներիքին շուկայում հայկական գինու սպառումը․ եթե 2012թ․–ին մեկ շնչի հաշվով սպառվում էր 1,2 լիտր, ապա հիմա՝ 4,6 լիտր։ Իհարկե, այս ցուցանիշը բավարար չէ մեզ համար, և, կարծում եմ, մեր ծրագրերի շարունակական իրականացման դեպքում, այս թիվը ևս կաճի և մեր նշմարած թիրախն ավելի իրատեսական կդառնա։ 
 
-Կառավարությունը մտադիր է Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչությունը բարձրացնել Հարավային Կովկասում, գինու զբոսաշրջիկների ավելացում է նախատեսում:  Գինու արտահանման համար որո՞նք են մեզ համար թիրախային շուկաները, քանի որ նախագծով նաև նշվում է, որ Հարավային Կովկասում ենք ցանկանում բարձրացնել ճանաչելիությունը, և ո՞ր երկրները նկատի ունենք Հարավայի Կովկաս ասելով։ 
 
-Վերջին տարիներին թեմատիկ զբոսաշրջությունը բավական պահանջված է, և այդ առումով՝ Հայաստանի գինու զբոսաշրջությունը նոր ուղղություն է և զարգացման մեծ ներուժ ունի։ Եթե 2019 թ․–ին ունեցել ենք 5000 զբոսաշրջիկներ, որոնք այցելել են գինու գործարաններ, այսինքն՝ եկել են Հայաստան հենց գինու զբոսաշրջության համար, ապա 2022թ․–ից սկսած զբոսաշրջիկների աճ ենք տեսնում։ Դա արդյունքն է նրա, որ շատ գինու գործարաններ ներդրումներ են իրականացնում՝ տուր փաթեթներ են մշակում, ենթակառուցվածքներ են ստեղծում զբոսաշրջիկների համար։ Այդ տուր փաթեթները մենք ներկայացնում ենք նաև ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսներին, ինչի արդյունքում ավելի շատ գինու զբոսաշրջիկ է այցելելում հնագույն գինեգործական երկիր։ Գինեգործական երկրները դասակարգվում   են ըստ գինու նոր և հին աշխարհների, իսկ մենք դասակարգվում  ենք որպես հնագույն, և մեզ պետք է հենց այդպես կարողանանք դիրքավորել աշխարհում։ Գինու զբոսաշրջությունը նոր ուղղություն է մեզ համար և, կարծում եմ, որ դա կնպաստի թե գինեգործության, թե էնոտուրիզմի, թե համայնքների զարգացմանը։ 
 
-Ադրբեջանը, որ հարավկովկասյան երկիր է ու նաև Հայաստանի հարևանը, ՀՀ-ն  այդ երկրի հետ ունի՞ հակադրություններ, եթե այո՝ ապա որո՞նք են։
 
-Չենք ունեցել միջազգային ծրագրերում իրենց հետ աշխատելու փորձ, որտեղ կներկայացնենք Հարավային Կովկասը, բայց իրենք ևս ակտիվ զարգացնում են գինեգործության ճյուղը․ իրենց կառավարությունը բավական լուրջ աջակցություն է տրամադրում այս ոլորտի զարգացմանը և, ցավոք սրտի, վերջին տարիներին միջազգային հարթակներում արցախյան գինիները ներկայացվում են որպես ադրբեջանական, այդպիսով՝ մեր հարևան երկիրը հավակնում է ներկայանալ որպես գինեգործական հնագույն երկիր։ Վրաստանը ևս դիրքավորվում է որպես գինեգործական հնագույն երկիր և ունի մեծ աջակցություն կառավարության կողմից, որը մեծ ջանքեր է գործադրում Վրաստանը աշխարհին որպես գինու բնօրրան ներկայացնելու համար՝ չնայած, որ մենք ունենք դա վկայող ավելի շատ փաստեր։    
 
-Կառավարության նպատակներից մեկն էլ այն է, որ մինչև 2032թ ունենանք առնվազն երեք գինու զբոսաշրջային ուղղություն։ Որո՞նք են այդ ուղղությունները և այս պահին գինու զբոսաշրջային քանի՞ ուղղություն ունենք։
-Բոլոր գինեգործական շրջանները մեծ պոտենցիալ ունեն զբոսաշրջային ուղղություն համարվելու համար, սակայն ոչ բոլոր շրջաններում են զբոսաշրջիկներին հյուրընկալելու պայմանները նպաստավոր։ Կարող եմ նշել, որ Արագածոտնի մարզը, Վայոց ձորը, Արմավիրն արդեն իսկ համարվում են զբոսաշրջային ուղղություններ, բայց շատ մեծ պոտենցիալ ունի Տավուշի մարզը, և վերջին տարիներին ներդրողներն ավելի շատ այդ մարզով են հետաքրքրված։ Տավուշը հետաքրքիր է նրանով, որ թե փրփրուն գինիների արտադրության, թե սպիտակ գինու արտադրության համար բավական նպաստավոր է, և եթե լինի համապատասխան աջակցություն, մարզը ևս կհամալրի գինու տուրիզմի հետաքրքիր ուղղությունների շարքը։ Եվ նաև Արարատի մարզում, որն ավելի շատ կոնյակագործությամբ է ճանաչված, վերջին տարիներին բավական նոր փոքր գինու գործարաններ են հիմնվում, ինչը ցույց է տալիս՝ այդ տարածքը ևս կարող է հետաքրքիր լինել գինու զբոսաշրջության համար։

-Առաջարկ կա նաև հիմնել հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ և ապահովել գործունեությունը թիրախային շուկաներում՝ մասնավորապես Միացյալ թագավորությունում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Կանադայում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս առաջարկը և կցանկանայի բացեիք փակագծերը՝ ի՞նչ է նշանակում հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ ասվածը։ 
-Ասել թե որ շուկան է մեզ համար թիրախային՝ դժվար է, որովհետև գինի սպառող գրեթե բոլոր շուկաները մեզ հետաքրքիր են։ Այս պահին հայկական գինին արտահանվում է եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ը, փորձ ենք ունեցել նաև Չինաստանի շուկայի հետ աշխատելու․ մինչև համավարակը այն համարվել է մեր 3–րդ ամենամեծ շուկան։ Ռազմավարության մեջ ներկայացված շուկաների վերաբերյալ բավական լուրջ հետազոտություն է իրականացվել, որոնց արդյունքների հիման վրա թիրախավորել ենք վերոնշյալ շուկաները։ Ինչ է նշանակում դեսպան․ նրանք ազդեցիկ մարդիկ են, որոնք մեզ օգնելու են առաջ մղել հայկական գինին Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Կանադայի շուկաներում։ Այսինքն՝ նշված շուկաներում ճանաչված, մեծ վարկանիշ ունեցող փորձագետներ են, որոնք ներկայացնելու են հայկական գինին։ Իսկ դա նշանակում է, որ այդ շուկաներում պետք է ակտիվ իրականացնել շնորհանդեսներ, հոդվածների պետք է տպագրվեն, այցեր կազմակերպվեն Հայաստան և այլն։ 
-Այս պահին խաղողի քանի՞ գինեմետ սորտ ունենք, որոնք պիտանի են գինեգործության համար և օգտագործվում են։ 
-15 հիմնական սորտեր ունենք, որոնք գինեգործության մեջ  օգտագործվում են, բայց կոլեկցիոն այգում ունենք 400-ից ավելի նմուշներ, որոնք այս տարիների ընթացքում ուսումնասիրվել են՝ հասկանալու համար արդյոք մաքրասորտ են, խաչասերված են, կլոններ են, թե վայրի են։ Կազմվել են այդ սորտերի անձնագրերը, ինչպես նաև 50-ից ավելի սորտեր կան, որոնք անուն չունեն՝ առաջին անգամ են հայտնաբերվել, ուսումնասիրվել են և հիմա գիտնականների հետ փորձում ենք անուններ տալ այդ սորտերին։ Միևնույն ժամանակ Ագրարային համալսարանի հետ իրականացնում ենք այդ սորտերի գինեգործության ներուժի բացահայտում։  Փորձեր են նաև իրականացվում  գինեգործական ընկերություններում՝ հասկանալու ինչ տեխնոլոգիաներ են պետք կիրառել այդ սորտերից գինի ստանալու համար։ Ծրագիր ենք իրականացնում նաև աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման և կիրակման ուղղությամբ, որը կնպաստի բարձրորակ գինիների արտադրությանն ու ճանաչում կբերի թե՛ երկրին, թե՛ տարածաշրջանին։ 
-Շրջանառվող նախագծում կա՞ն դիտարկումներ, առաջարկներ, որոնց հետ համամիտ չեք Դուք։  
-Ռազմավարությունը բավական ամբիցիոզ է, հասկանում ենք, որ մարտահրավերների առաջ ենք կանգնելու, բայց իրականում այն իրագործելի է, եթե ունենանք աջակցություն թե կառավարության, թե գինեգործական ընկերությունների, թե պրոֆեսիոնալ խմբի կողմից։  
 
Նարա Մարտիրոսյան