Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տանզանիայում գրանցած ընկերություն, «Տոյոտա Երևան»-ում մասնաբաժին, բնակարաններ, շինություններ Հյուսիսային պողոտայում և Երևանի կենտրոնում․ դատախազը շուրջ 20 րոպե ընթերցեց 20 տարեկանից միլիոնատեր դարձած Սեդրակ Քոչարյանի ենթադրյալ ապօրինի գույքը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի համարվող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։


Քննարկելով նիստը տեսանկարահանելու լրագրողների միջնորդությունը Քոչարյանների ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանն առարկեց, որ այն տեսանկարահանվի, ինչպես նաև ուղիղ հեռարձակվի՝ նշելով, որ չունի իր վստահորդների համաձայնությունը։ Ասաց, որ վստահորդների բացակայության պայմաններում առարկում է նաև, որ իրեն տեսանկարահանեն, քանի որ իր վստահորդների անվան տակ իր նկարն են ցույց տալու, ինչը իր համար ընդունելի չէ։
 
Ի վերջո, դատարանը մասամբ բավարարեց միջնորդությունը՝ թույլատրելով տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը՝ պայմանով, որ փաստաբանին չեն նկարահանի։

 Հարություն Հարությունյանը նիստի մեկնարկին միջնորդեց հետաձգել այն՝ պատճառաբանելով, որ հայցադիմումի և դատախազական փուլի ընթացքում կազմված ամփոփագրի մեջ առկա են էական հակասություններ և դրանով պայմանավորված իրենց ժամանակ է անհրաժեշտ գործի նյութերին ծանոթանալու համար։
Դատախազն առարկեց՝ նշելով, որ այսօր նա պատրաստվում է ներկայացնել հայցի հիմքը և առարկան, որից հետո պատասխանող կողմը կունենա ժամանակ նյութերին ծանոթանալու համար։
Դատարանը մերժեց պատասխանողի միջնորդությունը, որից հետո հայցվոր դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան։ Դատախազն ասաց, որ այն ծավալուն է, ուստի նա դա կներկայացնի հակիրճ։
Ըստ Քոչարյանների ներկայացրած հայտարարագրերի՝ սկսած 2001 թվականից Սեդրակ Քոչարյանն է հանդիսացել ընտանիքի հիմնական եկամուտների ստացողը, որն այդ ժամանակ ընդամենը 20 տարեկան է եղել և մեկ տարի է ինչ սկսել է աշխատել։
 
Ըստ դատախազության՝ ակնհայտ է, որ Սեդրակ Քոչարյանի անվամբ կատարված բոլոր ծախսերը կարող էին կատարվել Ռոբերտ Քոչարյանի ապօրինի միջոցներով, քանի որ Սեդրակ Քոչարյանը՝ չհանդիսանալով պետական պաշտոնյա ողջամտորեն չէր կարող սեփական գործունեության արդյունքում ձևավորել ապօրինի միջոցներ՝ հատկապես այդքան երիտասարդ տարիքում։
 
2009-ի հայտարարագրում Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրել է 100 հազար եվրո և 50 հազար ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություն՝ ստացված Սեդրակ Քոչարյանից։ Բելլա Քոչարյանը հայտարարագրել է 42 հազար եվրո և 30 հազար ԱՄՆ դոլար՝ նվիրատվություն ստացված Սեդրակ Քոչարյանից։
 
2007-ին Սեդրակ Քոչարյանն ընդհանուր 99 մլն 200 հազար դրամով ձեռք է բերել   Երևան քաղաքի Պարոնյան 8 շենքի 28 և 36 բնակարնները և ներդրել իրեն պատկանող «Սփեյս մենեջմենթ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ 2015-ին նշված ընկերության 33․3-ական տոկոսները նվիրատվությամբ փոխանցել է Լևոն և Գայանե Քոչարյաններին։ 
 
Այսպիսով,  տարբեր տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները իրար միջև միլիոնավոր դրամներ, հազարավոր դոլարներ, եվրոներ ու ֆունտ ստերլինգներ են փոխանցել, որոնք օգտագործվել են տարբեր նպատակներով՝ ձեռք են բերվել անշարժ գույքեր, կատարվել փոխառություններ, ներդրվել ավանդներ, կատարվել են վարկերի մարումներ՝ ինչպես նաև ձեռք են բերվել մասնաբաժիններ, օգտագործվել են ընթացիկ ծախսերի համար։
Բացի դա, 2020 թվականին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց հանդիսացող 2 մլրդ դրամը փոխանցել է Գայանե Քոչարյանը, որը ստացվել է տարբեր միջոցներից։
 
Այս և այլ ծախսերն ու ձեռքբերումները, ըստ դատախազ Գևորգ Քոչարյանի, հանդիսանում են օրինականության կապակցությամբ կասկած հարուցող եկամուտներ։
 
Իսկ աշխատավարձերը, կենսաթոշակը՝ ինչպես նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյի մասնագիտական գործունեությունից ու Ռոբերտ Քոչարյանի՝ «Սիստեմա» ՓԲ ընկերությունից և արտասահմանյան «Ռեդ լայն քեփիթլ» մենեջմենթ ընկերությունից ստացված եկամուտները համարվել են օրինական։ 
 
Ապա դատավոր Կարապետ Բադալյանի պահանջով դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց հայցապահանջը, ըստ որի՝ նշված գույքերն ու միջոցները դատախազությունը համարում է ապօրինի և պահանջում է բռնագանձել։
 
Դատախազությունը պահանջում է Սեդրակ Քոչարյանից և ընտանիքի անդամներից բռնագանձել Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի մեկ բնակարան, Կենտրոնում գտնվող մեկ շինություն, շարժական գույքեր՝ «Տոյոտա լենդ կրաուզեր» մակնիշի ավտոմեքենա, «Տոյոտա ռավ 4» մակնիշի ավտոմեքենա՝ ինչպես նաև Տանզանիայում գրանցված «Փլեյ մաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության 37,4 տոկոս մասնակցությունը, «ԱԿԲԱ բանկ» բաժնետիրական ընկերությունում առկա որոշակի բաժնետոմսերի 99,3 տոկոսը, ամելի քան 7000 դոլարով ձեռք բերված «Լուքոյլ» ընկերության պարտատոմսեր։
Դատախազի կողմից՝ հայացապահանջը շուրջ 20 րոպե ընթերցելուց հետո  դատական նիստը հետաձգվեց։ Նոր նիստը նշանակվեց դեկտեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ բացի այս գործը Քոչարյանների ապօրինի համարվող գույքը բռնագանձելու պահանջ է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանին։ Այդ գործով նրանից՝ հոգուտ պետության, դատախազությունը պահանջում է բռնագանձել 25 անշարժ գույք և 36 միլիարդ դրամ։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան