Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են ներքին գործերի բնագավառում ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման հարցեր

Քննարկվել են ներքին գործերի բնագավառում ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման հարցեր
Իրավունք
22:51, 15 февраль 2024
Բրյուսելյան պաշտոնական այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության (DG Home) ղեկավար Բեատա Գմինդերի, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կայացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի, Եվրոպական հանձնաժողովի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ղեկավար Միխայելա Մատուելլայի հետ։

Կողմերը քննարկել են Ներքին գործերի նախարարության ձևավորման, ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների ընթացքին ու նշված ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է նշված ուղղություններով ԵՄ հետ արդյունավետ գործընկերությունը՝ փաստելով, որ ձեռնարկված և նախանշվող քայլերը հանրային անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչներ են։ 

Արփինե Սարգսյանն ընդգծել է Փրկարար ծառայության ոլորտում համագործակցության նոր օրակարգի ձևավորման կարևորությունը։ 
Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման թեմային. շեշտվել է ՀՀ պատրաստակամությունն այդ ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու և այն հետևողականորեն կենսագործելու հարցում։ 

Եվրոպական կողմը բարձր է գնահատել ՆԳՆ ոլորտային ուղղություններով իրականացված բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ և սերտ համագործակցությունը՝ համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ նոր հնարավորությունների ներգրավմամբ։