Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջի գործով նախաքննությունը շարունակվում է. ԱԱԾ

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջի գործով նախաքննությունը շարունակվում է. ԱԱԾ
Իրավունք
18:02, 01 сентябрь 2021
«Գագիկ Սողոմոնյան» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից սոցիալական ցանցում մի շարք արգելված հրապարակումներ, հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն և ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քերական գործի նախաքննությունը շարունակվում է»,- այս մասին Civic.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ-ից։ 

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա փետրվարին ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և, օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, ստեղծել է կազմակերպված կայուն խումբ։ Այդ խմբում ներառել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:  

Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք են Ֆեյսբուքում ստեղծել Գագիկ Սողոմոնյան կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար, ինչպես նաև պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդել են իշխանության վրա։

Նշյալ անձինք սկզբում ձերբակալվել են, այնուհետև դատարանի որոշմամբ ազատ արձակվել, նրանցից ոչ մեկը կալանավորված չէ։