Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չեմ հիշում, թե ինչ ցուցմունք եմ տվել, ներող կըլնեք, վիրուս ենք տարել». Էջմիածնի նախկին քաղաքապետը՝ Նազիկ Ամիրյանի գործով վկա․ Տեսանյութ

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Այս նիստում քննվում էր տուժող Պետրոս Թորոսյանի բողոքն այն մասին, որ իրեն  պատկանող կիսակառույց բենզալցակայանը Մանվել Գրիգորյանը խլել է իրենից։  

«Վաղարշապատ» մարզական ակումբի նախագահ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանը ևս վկա էր այդ գործով, և նախաքննության ընթացքում Պետրոս Թորոսյանից բենզալցակայանը խլելու վերաբերյալ ցուցմունք էր տվել դեռևս 2018թ.։

Թեպետ Էջմիածնի նախկին քաղաքապետը ցուցմունք էր տվել, այնուամենայնիվ դատարանում հայտարարեց, որ ոչինչ չի հիշում, և առաջարկեց, որ դատարանը հիմք վերցնի իր այն ցուցմունքը, որը տվել է նախաքննական մարմնին. «Ես չգիտեմ, չեմ հիշում, թե ինչ ցուցմունք եմ տվել, ներող կըլնեք, վիրուս ենք տարել»,- ասաց Հրաչ Աբգարյանն ու հավելեց, որ Պետրոս Թորոսյանի ձեռքից բենզալցակայանը խլելու մասին լուրերը լսել է քաղաքի բնակիչների խոսակցություններից. «Քաղաքապետ եղած ժամանակս աճուրդով տարածք եմ հատկացրել Պետրոս Թորոսյանին։ Քաղաքի ժողովրդի խոսակցություններից եմ տեղեկացվել, որ Պետրոսի ձեռքից բենզալցակայանը առել են։ Ես գիտեմ, որ բենզալցակայանը միշտ Մանվելինն է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում: