Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանքերի արքա» Վարդան Այվազյանը, նրա կինը, դուստրը, որդին ու փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են Դատախազություն

«Հանքերի արքա» Վարդան Այվազյանը, նրա կինը, դուստրը, որդին ու փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են Դատախազություն
Իրավունք
16:12, 15 апрель 2024
Բնապահպանւթյան նախկին նախարար, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, նրա կինը՝ Մարիամ Գինոսյանը, դուստրը՝ Արմինե Այվազյանը, ինչպես նաեւ փոխկապակցված մի շարք անձինք՝  Գագիկ եւ Սուրեն Այվազյանները, Հարություն Մուրադյանը ապրիլի 19-ին հրավիրված են ՀՀ գլխավոր   դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ civic.am-ը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից տեղեկացավ, որ  հիշյալ անձանց պատկանող գույքերի նկատմամբ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։
 
Ըստ մամուլի  հրապարակումների` Վարդան Այվազյանն ունի բազմաթիվ հանքեր, որոնք սակայն ձևակեպված են նրա ազգականների կամ ընկերների անուններով: Նախարարն առանձնահատուկ սեր ունի հատկապես ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ երկաթի հանքավայրերի նկատմամբ: Սկանդալային պատմությունների կիզակետում մշտապես հայտնված նախկին պաշտոնյայի հետ կապված  մամուլում սկսեց  պատմություն շրջանառվել դեռևս 2005-ին: Նշվում էր, որ այն ժամանակ դեռևս բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Այվազյանի և ոսկի արդյունահանող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հարաբերությունները խիստ լարված են եղել: Արդեն 2006-ին հայտնի դարձավ, որ Վարդան Այվազյանը «Գլոբալ Գոլդից» 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել: Այվազյանն, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ընկերությանը զրկել էր Հանքավանում գտնվող ոսկու հանքի շահագործման լիցենզիայից, որը պետք է ուժի մեջ լիներ մինչև 2017 թվականը: Դեռեւս 2006-ի հունվարի 19-ին «Գլոբալ Գոլդի» շահերը ներկայացնող մի ամերիկյան իրավաբանական գրասենյակ  նամակ-առաջարկով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, առեւտրի եւ զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին և հենց Վարդան Այվազյանին:

«Գլոբալ Գոլդը» 2006-ի դեկտեմբերին ԱՄՆ Նյու Յորքի «Միջազգային առեւտրային պալատի միջազգային արբիտրաժային դատարանում» Վարդան Այվազյանի դեմ վարույթ հարուցեց: Սակայն դրանից տարիներ անց վարույթը չեղյալ համարվեց:
Վրացական հեռուստաընկերություններից մեկը նույնպես հրապարակել էր պատգամավորի հետ կապված մի պատմություն:

Ըստ դրա` պատգամավորը 2010թ. ձևական աճուրդով գնելով Տաբածղուրիի լիճը, 3 տարի է, տեղի բնակչության համար լիովին սահմանափակել է այնտեղից ձկան որսը: Սրանով, ըստ մամուլի հրապարակումների, Այվազյանը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքների:
 
Հիշեցնենք, որ 2023թ․-ին  Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ դատարան է ուղարկվել Վարդան Այվազյանի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործը։ ՀՀ ԱԱԾ-ում   քննված քրեական վարույթով պարզվել էր, որ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր փաստացի բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «АКМ» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «СВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաև՝ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ։