Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է հրավիրվել

Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է հրավիրվել
Իրավունք
12:13, 01 ноябрь 2021
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով ժամը 15:30-ին հրատապ դատական նիստ է հրավիրվել`նրա առողջական խնդրով պայմանավորված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է»,- հավելել է նա:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով:

2021 թվականի հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ավելի քան 2 ամիս կալանավորված Արմեն Չարչյանը նախորդ դատական նիստին չէր մասնակցել իր դատավարությանը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը նամակ էր ուղարկել բանտից՝ ասելով, որ առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել նիստին։ Դեռ մեկ ամիս առաջ դատարանը որոշել էր, որ դատաբժշկական հանձնաժողովը պետք է գնահատի պրոֆեսորի առողջական վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում կքննարկվի նրան գրավով ազատ արձակելու հարցը։