Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քանաքեռցի Տույ»-ի, Արտուշ Սիմոնյանի և մյուսների սպանության գործով կալանավորվել են Սիմոնյանի երեք որդիները

«Քանաքեռցի Տույ»-ի, Արտուշ Սիմոնյանի և մյուսների սպանության գործով կալանավորվել են Սիմոնյանի երեք որդիները
Իրավունք
11:26, 16 ноябрь 2021
«Քանաքեռցի Տույ» մականվմամբ հայտնի Արթուր Ղազարյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Արտուշ Սիմոնյանի երեք որդիները։ 

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ 

Իսկ Արտուշ Սիմոնյանի ձերբակալված մյուս որդին և գործով անցնող Գևորգ Ջաբարյանն ազատ են արձակվել։

Արտուշ Սիմոնյանի երեք որդիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։  

Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2:45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։