Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտարարությանը քմծիծաղով ենք վերաբերվում. Արցախի դատախազության արձագանքը՝ Հարությունյանին ձերբակալելու հայտարարությանը

Հայտարարությանը քմծիծաղով ենք վերաբերվում. Արցախի դատախազության արձագանքը՝ Հարությունյանին ձերբակալելու հայտարարությանը
Իրավունք
21:57, 16 февраль 2022

Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության Քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։


«Հետաքննությունը շարունակվում է։ Հարությունյանը, որն իրեն ներկայացնում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս արագ պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ վարչությունների և հետախուզական գործակալությունների կողմից»,- մասնավորապես նշել էր նա:


Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար, որի ժամանակ եղել են զոհեր և վիրավորներ:


Ադրբեջանի դատախազության այս հայտարարություններին այսօր նախ արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը չունի որևէ միջազգային իրավական հիմք:


«Միանշանակ է, որ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է՝ այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող: Արցախի ժողովուրդը ինքնապաշտպանություն է կազմակերպել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ: Իրավական հետապնդում իրականացնել ինքնապաշտպանության համար անտրամաբանական է»,- շեշտեց Անդրեասյանը:


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու և կալանավորելու հայտարարությանը Արցախի գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանն էլ նկատեց՝ հատուկ է արվում՝ Արցախում խուճապ առաջացնելու համար:


«Հայտարարության հիմնական ենթատեքստն Արցախի բնակչության շրջանում վախ առաջացնելն է, որ մարդիկ թողնեն Արցախը: Այստեղ իրավական խնդիր չկա, ոչ էլ հիմնավորում կա և չի կարող հիմք դառնալ միջազգային հետախուզման: Արցախի բնակչությանը սրանով չեն կարող վախեցնել: Այս հայտարարությանը քմծիծաղով ենք վերաբերվում: Մենք ավելի վատ ժամանակներ էլ ենք տեսել»,- շեշտեց արցախցի պաշտոնյան:


Գաբրիելյանը հիշեցրեց, որ տարիների ընթացքում Արցախի և ՀՀ-ի մի շարք պաշտոնյաների նկատմամբ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել:


«Հայտարարել են հետախուզում, քրեական գործեր են հարուցել, բայց ի՞նչ են ձեռնարկել՝ ոչինչ: Սա նրանց քաղաքականությունն է, ինչի միջոցով երբեք չեն հասնի հաջողության: Փոխանակ այսպիսի քայլերի գնան, խորհուրդ ենք տալիս, որ զսպեն իրենց զինվորներին, որոնք խաղաղ բնակչությանն ահաբեկում են, կրակում, գերեվարում: Կա եռակողմ հայտարարություն, որի շրջանակներում բնակչության անվտանգության խնդրի մասին էլ պետք է մտածել: Իրենք են ոտնահարում իրենց կողմից ստանձնած պարտավորությունները»,- շեշտեց զրուցակիցը:


Հարցին՝ Հարությունյանի՝ հնարավոր առևանգման մասով վտանգ զգո՞ւմ են, Գաբրիելյանն ասաց. «Ստեփանակերտը հրետակոծել են, հարձակվել, մենք պաշտպանվել ենք ու էլի կպաշտպանվենք: Ո՞վ պետք է գա առևանգի: Բացի այդ՝ խաղաղապահ ուժերն իրենց առաքելությունը շատ նորմալ իրականացնում են և դա թույլ չեն տա, հեշտ գործընթաց չէ»,- նշեց Արցախի դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետը: