Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք
Իրավունք
19:19, 02 март 2022
 ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք, պարզվել է մեխանիզմը, թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման աղբյուրը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձնաց ինքնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևան քաղաքի 54-ամյա բնակիչը, մաքսանենգ ճանապարհով թմրանյութ փոխադրելու, դրանք իրացնելու և ստացված եկամուտը միմյանց միջև կիսելու շուրջ համաձայնության է եկել Ֆրանսիայում մշտապես բնակվող իր վաղեմի ծանոթի հետ:

«Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 54-ամյա տղամարդը դիմել է համաքաղաքացուն և առաջարկել գտնել մեկ անձի՝ Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող թմրանյութի խմբաքանակի պարունակությամբ ծանրոցը նրա անվամբ ուղարկելու, ստանալու և իրենց փոխանցելու համար:
Համաքաղաքացին դիմել է իր ծանոթին և թաքցնելով իրենց իրական մտադրությունը՝ վերջինիս հետ ձեռք է բերել նրա անվամբ ծանրոցն ուղարկելու և ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերջինս Սևան քաղաքում գտնվող փոստային բաժանմունքից ստացել է իր անվամբ ուղարկված ծանրոցը, որի մեջ եղել են առանձնապես խոշոր չափի՝ 0,8028 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 38,89 գրամ ընդհանուր քաշով դեղահաբեր, և այն փոխանցել 54-ամյա տղամարդուն:  

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն և նրա համաքաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: