Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն մերժել է կառավարության կողմից ՄԻՊ աշխատակազմի վարձատրության և թվաքանակի վերահսկողությունը վիճարկելու մասին Արման Թաթոյանի դիմումի քննությունը

ՍԴ-ն մերժել է կառավարության կողմից ՄԻՊ աշխատակազմի վարձատրության և թվաքանակի վերահսկողությունը վիճարկելու մասին Արման Թաթոյանի դիմումի քննությունը
Իրավունք
12:21, 28 март 2022
Մարտի 22-ին ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է փետրվարի 24-ին ՀՀ ՄԻՊ-ի կողմից ստացված՝ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրության մի շարք դրույթների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասին դիմումի քննությունը։ 

Նշենք, որ ՄԻՊ-ը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։  Ըստ ՄԻՊ-ի՝ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: 

ՀՀ ՄԻՊ-ը համարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վրա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողությունը չպետք է տարածվի։ Հարցը, մասնավորապես, վերաբերում էր քաղաքացիական ծառայողների պաշտոնների ենթախմբերի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների դասակարգմանը և դրանց միջև գործառույթների բաշխմանը, վարձատրությանը։ 

Դիմողը նշել էր, որ օրենսդրության մեջ պետք է ներառվեն հատուկ երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան Մարդու իրավունքների պաշտպանին կատարելու իր աշխատակազմում նշանակումներ և վերապատրաստում՝ առանց միջամտության:

Դիմողի կողմից բարձրացված հաջորդ խնդիրը վերաբերում էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հաստիքների առավելագույն քանակը սահմանելու իրավասությանը։ Դիմողը նշել էր, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված է Պաշտպանի իրավասությունը՝ հաստատելու և փոփոխելու իր աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը, մինչդեռ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշման 6-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների առավելագույն թիվը (այն կազմում է 98 հաստիքային միավոր):

ՄԻՊ-ի այս դիմումի հիմքով՝ ՀՀ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող հարցերն աղերս չեն ունենում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնարար իրավունքի կամ ազատության խախտման հետ, ապա նշված դիմումները չեն բավարարում Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված պահանջները, ուստի չեն բխում Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանների վերաբերյալ հստակ ամրագրած կարգավորումներից և ենթակա են մերժման։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև աշխատակազմի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումները տարածելն ուղղակիորեն կապված չեն Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության իրացման, դրա խախտման կամ սահմանափակման հետ: «Ավելին, Դիմողը չի ներկայացրել որևէ դիրքորոշում՝ վիճարկվող կարգավորումները Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված ո՞ր իրավունքի արդյունավետ իրացման վտանգներ են ստեղծում, կամ ո՞ր իրավունքն ու ազատությունն է խախտվում կամ սահմանափակվում դրանց կիրառման արդյունքում: Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սոսկ առանձին հոդվածների վկայակոչումը՝ առանց դրանց վերաբերյալ համարժեք մեկնաբանությունների և վերլուծությունների, չի կարող դիտարկվել որպես հիմնավորում»,- գրված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:

Նարա Մարտիրոսյան