Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Թաթոյանը դիմել է ՍԴ

Արման Թաթոյանը դիմել է ՍԴ
Հասարակություն
22:22, 08 октябрь 2021
Այսօր Սահմանադրական դատարան ուղարկած դիմումով վիճարկում եմ այն, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է արել։
 
«Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին հնարավորություն է տալիս մերժված համարելու արդեն քննության ընդունված այն դիմումը, որի քննարկման վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունվում:
Սահմանադրական դատարան ներկայացված այս դիմումի համար ազդակ դարձավ 09.12.2020թ. ՍԴ ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն դիմումը, որով վիճարկել է ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը:
 
Մասնավորապես, խոսքն այդ դիմումի քննարկման այնպիսի արդյունքի մասին է, որով դիմումը ՍԴ-ն մերժված է համարել քննարկվող հարցը ձայների հավասարության պատճառով:
 
Նշված դիմումով վիճարկվում էր այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:
 
ՍԴ-ն այդ դիմումի կապակցությամբ այդպես էլ ըստ էության որևէ որոշում չի կայացրել:
 
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումը վիճարկվել է՝ ելնելով հետևյալ հիմնական մոտեցումներից.
 
- Սահմանադրական դատարանին դիմում ներկայացնելն ու դատարանի կողմից որոշում կայացնելը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով.
 
- Սահմանադրական դատարանը կոնկրետ գործերով իրականացնում է կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման գործառույթ, քանի որ վիճարկվող նորմը կամ դրա մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող ՍԴ որոշման հիման վրա անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:
Մինչդեռ, Սահմանադրական դատարանում արդեն քննության ընդունված գործով դիմումը տեխնիկական նկատառումներով մերժվելու դեպքում, փաստորեն, մարդը զրկվում է իր խախտված իրավունքների վերականգնման այդ հնարավորությունից.
 
- Սահմանադրական դատարանը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց լինելուց բացի նաև իրականացնում է կանխարգելիչ գործառույթ:
Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված ուղենիշային դիրքորոշումները կանխարգելիչ նշանակություն ունեն իրավունքների հետագա խախտումները բացառելու և Սահմանադրության ու մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից:
Պետք է հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմումների հասցեագրումը նպատակ ունի ներկայացնելու անհատական դիմում բողոքների արդյունքներով արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև նպաստելու դրանց լուծմանը և հետագայում նմանատիպ խնդիրների և խախտումների բացառմանը:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումներով, փաստորեն, արձանագրվում են Պաշտպանի դիմումներով բարձրացված համակարգային խնդիրները, վիճարկվող նորմերը ճանաչվում են Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն տրվում են վիճարկվող նորմերի պաշտոնական մեկնաբանություններ:
 
Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը կիրառելու արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված համակարգային խնդիրները մնում են չլուծված, իրավունքների խախտումները՝ չվերացած՝ դրանով իսկ առկախված թողնելով վիճարկվող նորմի իրավաչափության հարցն, առհասարակ:
 
Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի դեպքում դա էլ իր հերթին անխուսափելի բացասական ազդեցություն է ունենում Պաշտպանի աջակցությունը ստանալու
յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի, Պաշտպանի սահմանադրական գործառույթների վրա, խաթարում է հանրային վստահությունը սահմանադրական այս հաստատության նկատմամբ:
 
Սահմանադրական դատարանում քննվող գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունն ընդգծվում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն։
 
Դիմումով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պրակտիկայի հաշվառմամբ հիմնավորել ենք, որ օրենքի վիճարկվող նորմը հանգեցնում է դատական պաշտպանության յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի անհամաչափ սահմանափակման»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը: