Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդու իրավունքների հիմնարար խախտում թույլ տված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի. Ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը

Մարդու իրավունքների հիմնարար խախտում թույլ տված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի. Ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը
Իրավունք
16:24, 28 март 2022
ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագիրը քննարկելու ժամանակ օրերս հայտարարեց, որ քննարկման փուլում է Վենետիկի հանձնաժողով ներկայացված մի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ դատավորների կողմից թույլ տրված, ՄԻԵԴ վճիռներով ամրագրված խախտումների հիմքով 15 տարի հետ գնալ և դատավորներին պատասխանատվության ենթարկել։

Խոսքը «Դատական օրենսգրքում», ինչպես նաև  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների  նախագծերին է վերաբերում։  Նախորդ շաբաթ էլ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով ՊՈՒ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին, որը վերաբերում էր վերոհիշյալ նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, մասնավորապես հայտարարեց. «Այն դատավորները, որոնք ձեր թիմի իշխանության ժամանակ ՀՀ-ում դատել են քաղբանտարկյալներին, հաստատապես կկարողանան դուրս մղվել դատական համակարգից, և ձեր արշինով մյուսներին չափելը չի օգնի կասեցնել այս գործընթացը»։ Ապա մասնավորապես հավելեց. «Սա վենդետա չի, այլ արդարության վերականգնում»։

Նույն օրը՝ հարցուպատասխանից  ժամեր առաջ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորներ, «գող, սիրտը դող» ասացվածքի տրամաբանությամբ,  դիմել էին  նախարար  Անդրեասյանին՝ հիշյալ նախագծերի առնչությամբ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները։ Դատավորները մասնավորապես նշել էին, որ «նշված փոփոխություններն ընդունվելու դեպքում կհանգեցնեն դատավորների նկատմամբ անհիմն վարույթների հարուցման, լիազորությունների դադարեցման և այլն, ինչն ուղղակիորեն վտանգում է դատարանների անկախությունը»: Միևնույն ժամանակ, հայտարարության հեղինակները  համաձայնել էին,  որ «դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտություն է առկա», և  առաջարկել էին  «ներկայացնել անհստակությունները կարգավորող նախագիծ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցելու սուբյեկտների շարքից հանել արդարադատության նախարարին»։ 

Ի՞նչ է առաջարկվում Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծով   


Հանրային քննարկման է  ներկայացվել մասնավորապես ՀՀ դատական օրենսգրքին առնչվող նախագիծը, որի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի  վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար  արդարադատության նախարարը  դիմել էր Վենետիկի հանձնաժողովին (Հանձնաժողով)։ 
Նախագծին կից  հիմնավորման  մեջ ներկայացված է առաջարկվող փոփոխությունների բնույթը։ Ըստ այդմ՝ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք՝ հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: Նախագիծը, որը ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին, վերջինիս  ներկայացրած կարծիքի հիման վրա էականորեն լրամշակվել է՝ սահմանելով այլ կառուցակարգ: Այսպես.

1. Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում: Նախատեսվել է, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ  մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:

«Հարկ է նկատել, որ վերոնշյալ 15 տարվա վաղեմության ժամկետի սահմանումը ինքնանպատակ չէ:  Նախ, ինչպես բխում է Դատական օրենսգրքի կարգավորումներից, կարգապահական պատասխանատվության հիմքը ոչ թե ինքնին ՄԻԵԴ վճիռն է, այլ դրանով բացահայտված մարդու իրավունքների հիմնարար խախտումը,  որը ենթակա է գնահատման որպես դատարան գործող ԲԴԽ-ի կողմից: Սա նաև բխում է Հանձնաժողովի՝ օրենքի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ ներկայացված կարծիքից, որին էլ  համապատասխանեցվել է նախագիծը: Նման խախտումը չի կարող դրսևորվել որևէ այլ կերպ, քան դատավորի վարույթում գտնվող գործով նյութական կամ դատավարական որևէ խախտում թույլ տալով:  Ընդ որում, ինչպես նշում է Հանձնաժողովը, այս դեպքում նշաձող պետք է համարվի այն խախտումը, որը հանգեցրել է մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների և կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, այսինքն՝ «ակնհայտորեն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»:
Ստացվում է, որ դատավորը իր գործունեության ընթացքում պետք է կանխատեսեր, որ իր վարույթում գտնվող գործով նյութական կամ դատավարական նորմի խախտումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, ընդհուպ՝ կարգապահական պատասխանատվության հիմքով լիազորությունների դադարեցման»,- նշված է հիմնավորման մեջ:

2. Նախագծի անցումային դրույթներով նաև նախատեսվել է կարգավորում առ այն, որ վերը նշված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերով արձանագրված կամ բացահայտված խախտումներով, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ  մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Այդ դեպքերում էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Հարկ է ընդգծել, որ 2007 թ. ընդունված և 2018 թ. ապրիլին ուժը կորցրած ՀՀ  դատական օրենսգրքի համապատասխան հոդվածով  ևս կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս ՀՀ դատարանը թույլ է տվել ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումը: Առաջարկվող կարգավորման նորությունը զուտ վերաբերում է նրան, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ միայն մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռը: Ընդ որում, ինչպես նշել է Վենետիկի հանձնաժողովը իր 2019թ. կարծիքում, սխալ չէ միջազգային դատարանների կողմից բացահայտված՝ մարդու իրավունքների խախտումների մասին օրենսգրքում ուղղակիորեն նշելը, եթե դատավորի գործողությունները կարող են դիտարկվել որպես դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումներ։  
Օրենքի հետադարձության խնդիրը։

Եթե նույնիսկ առաջարկվող կարգավորումը դիտարկենք օրենքի հետադարձ ուժի տեսանկյունից, որը մտահոգության տեղիք է տալիս շատերի մոտ, ապա հարկ է նշել հետևյալը. հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ, ինչպես հիմնավորման մեջ է նշված,  պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով։  Այսպես, միջազգային դատական պրակտիկայում առանձնացվել են որոշակի չափանիշներ, որոնց առկայությունը թույլ է տալիս օրենքի այս կամ այն կարգավորմանը հաղորդել հետադարձություն: Ամերիկյան դատական պրակտիկայում գործերից մեկով մատնանշվել է, որ հետադարձությունն ընդունելի է, եթե միտված է օրենսդրի իրավաչափ նպատակների իրականացմանը։  

Անգլիական դատական պրակտիկայում, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքում,  հետադարձությունն իրավաչափ և արդարացված դիտելու համար կարևոր չափանիշ է համարվում հանրային շահի առկայությունը:

Բացի դրանից, դատարանները կարևորում են նաև իրավահարաբերության սուբյեկտների մոտ վստահության շահի առկայությունն ու նախկինում տվյալ իրավահարաբերությունների կարգավորվածության հանգամանքը: ՄԻԵԴ-ը հետադարձ ուժի կիրառման հարցին անդրադարձ է կատարել նաև այլ պետություններում դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող կարգապահական գործընթացների համատեքստում: 

Առաջարկվող կարգավորման դեպքում խոսքը վերաբերում է արդեն իսկ ավարտված դատական գործերին, որոնցով առկա է վերջնական դատական ակտ, և որի շրջանակներում թույլ տրված խախտումներին անդրադարձ է կատարվում միջազգային դատարանի ակտով: 

«Հարկ է նաև նկատի ունենալ, որ չնայած Հանձնաժողովը իր նախկին կարծիքում, որը տրամադրվել էր Դատական օրենսգրքի 2020թ. փոփոխությունների նախագծի վերաբերյալ, նշել էր որոշ կարգավորումներին հետադարձ ուժ չտալու անհրաժեշտության մասին, սակայն խոսքը այդ դեպքում վերաբերում էր դատավորի վարքագծի նոր կանոններին, նոր պարտականություններին՝ կապված գույքային դրությունը բացահայտելու հետ, այնինչ այս դեպքում գործ չունենք նման իրավիճակների հետ»,- նշված է հիմնավորման մեջ։ 

Արձանագրենք, որ Հանձնաժողովը հետադարձության հարցը, ըստ էության, չի համարում  եվրոպական չափանիշների խախտում, սակայն անհրաժեշտ է համարում հիմնավորել «ընդհանուր շահերի անհերքելի հիմքերի» կամ «հանրային շահի նկատառումների» և կանխատեսելիության չափանիշի առկայությունը: Այսպիսով՝ Հանձնաժողովը, փաստորեն, հաստատում է, որ  բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված, հետադարձությունը կարող է համարվել թույլատրելի: 

Ինչ վերաբերում է հանրային շահերի առկայության չափանիշին, ապա առաջարկվող կարգավորմամբ սահմանվել է խիստ բարձր նշաձող։ Մասնավորապես, առաջարկվող հիմքով «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժը հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու,  անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Հեղինե Մանուկյան