Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբրահամյանների առանձնատան վրա կրկին կալանք է դրվել. գործով ԱԱԾ-ն է զբաղվում. Factor.am

Աբրահամյանների առանձնատան վրա կրկին կալանք է դրվել. գործով ԱԱԾ-ն է զբաղվում. Factor.am
Իրավունք
17:34, 05 апрель 2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործարքը, թե ինչպես է կալանքն առանձնատան վրայից հանվել և դրանից անմիջապես հետո վաճառվել: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից ստացված հարցման պատասխանից: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով իրեղեն ապացույցի՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արգամ Աբրահամյանի անվամբ գրանցված հողամասի պահպանությունը չապահովելու, առանց այդ կապակցությամբ դատարանի անհիմն որոշման բողոքարկման արդյունքներին սպասելու նշված հողամասի տնօրինման սահմանափակումը վերացնելու, դրանից անմիջապես հետո նշված գույքը իրացնելու հանգամանքների ստուգումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին»,-նշված է պատասխանում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022 թ. մարտի 28-ին հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով որոշում է կայացվել Աբրահամյաններին պատկանող առանձնատունն իրեղեն ապացույց ճանաչելու մասին և ձեռնարկվել են օրենքով նախատեսված միջոցներ այն պահպանելու նպատակով։ Ըստ էության՝ կրկին կալանք է դրվել առանձնատան վրա:

«Միաժամանակ, գրություն է ուղարկվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1/6 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի վերաբերյալ գործարքներ կատարելու մասին դիմում ստանալու դեպքում մինչև գործարք կատարելը դրա մասին անհապաղ հայտնել վարույթն իրականացնող մարմնին: Միջոցներ են ձեռնարկվում հողամասի դիմաց վճարված գումարների նկատմամբ օրենքով նախատեսված սահմանափակումներ սահմանելու ուղղությամբ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միաժամանակ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով քննիչը հեռացվել է վարույթից»- ասված է Factor.am-ին փոխանցված պատասխանում:

Աղբյուր՝ factor.am