Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուրջ 70 մլրդ դրամ է կազմում ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով դատարան ներկայացված պետության պահանջը․ դատախազ

Շուրջ 70 մլրդ դրամ է կազմում ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով դատարան ներկայացված պետության պահանջը․ դատախազ
Իրավունք
18:16, 19 июль 2022
«2020թ․ սեպտեմբերին ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը՝ գլխավոր դատախազությունում համապատասխան վարչության ձևավորմամբ։ Ներկայումս վարչության կազմում կան 9 դատախազ և 9 տնտեսագետ»,-այսօր՝ հուլիսի 19-ին, «Ապօրինի գույքի վերադարձ և անցումային արդարադատություն․ դասեր և մարտահրավերներ» կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ գործերի քանակը գնալով ավելանում է․ «Օրենքի ուժի մեջ մտնելուց առ այսօր վարչությունում ստացվել են 345 նյութեր քրեական գործերից օպերատիվ հետախուզական մարմիններից շուրջ 574 անձի վերաբերյալ։ Այս 574 անձի վերաբերյալ գործերից վարչությունում որոշում է կայացվել ուսումնասիրություններ սկսել 342-ով։ Այսինքն 230 անձի վերաբերյալ ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի ծագման գույք չկա։ 342 ուսումնասիրություններից հայց է ներկայացվել քաղաքացիական դատարան ընդամնեը 12 գործով և ունենք 330 ընթացիկ ակտիվ ուսումնասիրություններ։ Յուրաքանչյուր դատախազի մոտ 40-50 ուսումնասիրություն է»։ 

Գևորգ Քոչարյանը նշեց, որ օրենքը թույլ է տալիս նաև միջազգային իրավական փոխօգնություն ստանալու համար օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին հարցումներ ուղարկել և 24 վարույթով 33 միջազգային փոխօգնության հարցումներ են ուղարկվել տարբեր երկրներ՝ սկսած ԱՄՆ-ից մինչև ՌԴ, ԱՄԷ, Եվրոպական մի շարք երկրներ․ «2020թ․-ի սեպտեմբերից ի վեր 213 միջնորդություն է ներկայացվել դատարան՝ բանկային ապահովագրական և այլ գաղտնիք ներկայացվող տեղեկություններ ստանալու խնդրանքով, ինչպես նաև հայցի նախնական ապահովումներ կիրառելու խնդրանքներով։ Այդ 213 միջնորդություններից 185-ով ստացվել են որոշումներ՝ մեծամասնությամբ բավարարվել են։ 25 գործով հայցի նախնական ապահովումներ է կիրառվել՝ 260 անշարժ և շարժական գույքերի վրա, 53 իրավաբանական անձանցում մասնակցությունների վրա, ինչպես նաև ավելի քան 42 մլրդ դրամի չափով դրամական պահանջով արգելանք է կիրառվել»։  

Ավագ դատախազը հավելեց, որ նշված 25 գործերից 12-ը դատարանում են և միայն այդ 12 գործերով բռնագանձման պետության պահանջը կազմում է 200 անշարժ և շարժական գույքեր, 21 մասնակցություններ իրավաբանական անձանց և 20-21 մլրդ չափով դրամ․ «Այս ամենը վերածած դրամական արժեքով՝ շուկայական արժեքներով հասնում են մոտ 70 մլրդ դրամի, որտեղ հաշվարկված չեն մասնակցությունները իրավաբանական անձանցում, որոնք դեռևս ուսումնասիրվում են»։