Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննիչն առաջնորդվում է մեքենան առևանգողների մտահոգություններով, փորձում են գործի քննությունը ձգձգել, քանի որ առևանգողների թվում է նախկին դատախազի որդի. քաղաքացի

Քննիչն առաջնորդվում է մեքենան առևանգողների մտահոգություններով, փորձում են գործի քննությունը ձգձգել, քանի որ առևանգողների թվում է նախկին դատախազի որդի. քաղաքացի
Իրավունք
16:37, 27 август 2022
2022 թվականի հունիսին քաղաքացի Դենիս Աստեյանը իր ծանոթին ավելի քան 10.000 դոլար արժողությամբ կրիպտոարժույթ է վաճառում։

Գնորդները գումարը փոխանցում են ոչ թե Աստեյանին, այլ վճարում են գրավատանը, որտեղ գրավադրված է եղել Դենիս Աստեյանի ընկերուհուն՝ Աելիտա Ջինանյանին պատկանող ավտոմեքենան։ 

Դրանից հետո, ինչպես պնդում է Աստեյանը, կրիպտոարժույթի գնորդները Երևան քաղաքի «Ֆլագման» սրճարանի մոտ իր նկատմամբ բռնություն գործադրելով վերցնում են մեքենայի բանալիներն ու մեքենայով հանդերձ հեռանում։ Դեպքից հետո Դենիս Աստեյանն ու Աելիտա Ջինանյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում ոստիկանություն։

Դեպքից մոտ 3 ամիս է անցել, սակայն ավտոմեքենան դեռևս գտնվում է ենթադրյալ հանցագործների մոտ։ Դենիս Աստեյանի պնդմամբ՝ մեքենան հետախուզման մեջ չէ, իսկ իր հարցումներին, թե ինչո՞ւ մինչ այժմ մեքենան, որը սեփականության իրավունքով պատկանում է իր ընկերուհուն՝ Աելիտա Ջինանյանին, դեռևս չի վերադարձվել սեփականատիրոջը կամ գոնե չի առգրավվել ոստիկանության կողմից, քննիչ Տարոն Սարգսյանը նշել է, որ մեքենան առևանգածները մտահոգություն ունեն, որ մեքենան քննիչին տալու դեպքում քննիչը այն կարող է վերադարձնել սեփականատիրոջը։  

«Այսինքն՝ քննիչը առաջնորդվում է հանցագործների մտահոգությամբ։ Սա ուղղակի աբսուրդ է»,- ասում է Դենիս Աստեյանը։  

Քննիչը, ըստ Աստեյանի պնդման, մինչ այժմ քրեական վարույթի նյութերին չի կցել այն ապացույցները, համաձայն որոնց՝ Դենիս Աստեյանը կրիպտոարժույթ է փոխանցել մեքենան առևանգողներին։ Ավելին՝ ըստ Աստեյանի, գործի նյութերին չեն կցվել նաև տեսաձայնագրությունները, որոնցում երևում է, թե ինչպես են իր նկատմամբ «Ֆլագման» սրճարանի մոտ բռնություն գործադրում։ Աստեյանը կասկածներ ունի, որ քննիչը գործը հատուկ ձգձգում է, որպեսզի տեսաձայնագրությունները ժամանակի ընթացքում ջնջվեն, քանի որ ենթադրյալ հանցագործների թվում է նախկին դատախազներից մեկի որդին, և Քննչական կոմիտեն չի վարում անաչառ ու բազմակողմանի քննություն։

Դենիս Աստեյանի և Աելիտա Ջինանյանի հաղորդումներով՝ քրեական վարույթ է հարուցվել, սակայն ոչ թե առևանգման և բռնության գործադրման, այլ ինքնիրավչության և խարդախության հոդվածներով։ Վարույթով մեղադրյալներ առայժմ չկան։    

Սա նշանակում է, որ ըստ իրավապահների՝ տեղի է ունեցել ոչ թե առևանգում, այլ մեքենան առևանգողները զբաղվել են ինքնիրավչությամբ։ Այսինքն՝ վերջիններս Դենիս Աստեյանին վճարել են մեքենայի գումարը և դրա դիմաց չստանալով մեքենան՝ դիմել են ինքնիրավչության և վերցրել մեքենան։ Այսպիսով, ըստ Աստեյանի, իրավապահները աչք են փակում այն հանգամանքի վրա, որ Աստեյանը գումարի դիմաց ոչ թե մեքենան, այլ կրիպտոարժույթ է փոխանցել առևանգողներին։

Խարդախության մասով էլ քրեական վարույթ է նախաձեռնվել հենց իրեն տուժող համարող Դենիս Աստեյանի գործողությունների հիմքով։
Աստեյանը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Գրասենյակն էլ իր հերթին դիմել է Դատախազություն, որտեղից ՄԻՊ-ին պատասխանել են, որ Դենիս Աստեյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2022 թվականի հունիսի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին՝ նախաքննություն կատարելու նպատակով։

«Միաժամանակ վերջինիս կողմից հանցագործության հաղորդմամբ հայտնած հանգամանքների շուրջ կատարվում է նախաքննություն, ստուգվում է քրեական վարույթով ստացված բոլոր հանգամանքների արժանահավատությունը, և իրականացվում է համակողմանի և անաչառ քննություն։ Ինչ վերաբերում է Դենիս Աստեյանի անձնական իրերը և իր կնոջը պատկանող ավտոմեքենան վերադարձնելուն, ապա այդ կապակցությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մասնավորապես ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, իսկ անձնական որոշ իրեր գտնվում են վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ՝ համապատասխան վարույթային գործողություններ կատարելու նպատակով»,- ասված է ՄԻՊ-ին ուղղված պատասխանում։

Դենիս Աստեյանը նկատում է, սակայն, որ Աելիտա Ջինանյանը իր կինը չէ, և դատախազությունը սխալ տեղեկություն է տրամադրել ՄԻՊ-ին։ Բացի դրանից, չի հասկանում, թե ինչպե՞ս է մեքենայում գտնվող իր իրերը հայտնվել վարույթն իրականացնող մարմնի մոտ, սակայն ավտոմեքենան շուրջ երեք ամիս է, ինչ չեն կարողանում հայտնաբերել և առգրավել։ Բացի դրանից, ինչպե՞ս են մեքենան վերադարձնելու, անհրաժեշտ ի՞նչ գործողություններ են իրականացվում ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, եթե դրա նկատմամբ նույնիսկ հետախուզում չի հայտարարվել։ Բացի դրանից, եթե մեքենան առևանգողները քննիչին մտահոգություն են հայտնել, որ մեքենան քննիչին փոխանցելու դեպքում քննիչը կարող է այն վերադարձնել սեփականատիրոջը, նշանակում է՝ քննիչը գիտի, թե որտեղ է գտնվում մեքենան և առաջնորդվելով առևանգողների մտահոգությամբ այն չի առգրավում և անհրաժեշտ գործողություններ այդ մասով չի իրականացնում։ 
Civic.am-ը փորձեց վարույթն իրականացնող քննիչ Տարոն Սարգսյանից պարզել, թե ինչո՞ւ մինչ օրս ավտոմեքենան չի առգրավվել կամ վերադարձվել սեփականատիրոջը, ինչո՞ւ վարույթում չեն կցվել ապացույցները, որոնց համաձայն՝ Դենիս Աստեյանը կրիպտոարժույթ է փոխանցել ենթադրյալ առևանգողներին, ինչո՞ւ վարույթում չեն կցվել տեսաձայնագրությունները, որոնցում հնարավոր է լինեին կադրեր, որտեղ Աստեյանի նկատմամբ բռնություն գործադրելով խլել են ընկերուհուն պատկանող մեքենայի բանալիներն ու մեքենան։ Մեր բոլոր հարցերին, սակայն, քննիչը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ դրանք համարվում են նախաքննական գաղտնիք։ 

Նյութի պատրաստման ընթացքում, ի վերջո, Քննչական կոմիտեն պատասխանում է  քաղաքացի Դենիս Աստեյանի դիմումին՝ հայտնելով, որ Աելիտա Ջինանյանին պատկանող ավտոմեքենան առգրավվել է Գագիկ Նուրիջանի Մկրտչյանից և ճանաչվել իրեղեն ապացույց։
Civic.am-ը փորձեց Գլխավոր դատախազությունից պարզաբանումներ ստանալ, թե ինչո՞ւ է միայն այժմ մեքենան առգրավվել, ինչո՞ւ կրիպտոարժույթի վաճառքի մասին ապացույցները չեն կցվել գործին, և ավտոմեքենան վերադարձվելո՞ւ է արդյոք սեփականատիրոջը, թե՞ ոչ։ Դատախազությունից ևս, սակայն, պատասխաններ ըստ էության չստացանք։ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ ընթանում են քննչական գործողություններ, ընթանում է քննություն, և տեղեկատվություն չեն կարող փոխանցել։ 

Վովա Հակոբյան