Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դասի ժամանակ Նիկոլ Փաշինյանին սպանելու, նրան և նրա ընտանիքին հրապարակում վառելու կոչ հնչեցրած ուսուցչին դատապարտել է 150 հազար դրամ տուգանքի

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դասի ժամանակ Նիկոլ Փաշինյանին սպանելու, նրան և նրա ընտանիքին հրապարակում վառելու կոչ հնչեցրած ուսուցչին դատապարտել է 150 հազար դրամ տուգանքի
Իրավունք
18:45, 01 декабрь 2022
Դպրոցում՝ աշակերտների ներկայությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցրած ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ մանրամասնելով. «Դատարանը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) այսօր հրապարակեց «պատմության ուսուցչի» գործով դատավճիռը։ «Բռնության կոչերի» հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի։ Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո»:

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 226.2 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: