Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոգևորված դատարանների կողմից ունեցած բարեհաճությամբ՝ սոցցանցերով վիրավորանքներ է հասցրել իմ և քրոջս հասցեին. Ստյոպա Սաֆարյանը հայց է ներկայացրել ընդդեմ livenews կայքի հաղորդավարի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Էրեբունի նստավայրում այսօր քաղաքացիական հայցով քննվեց Ստյոպա Սաֆարյանի հայցն ընդդեմ Livenews կայքի հաղորդավար Թագուհի Ասլանյանի։ 

Վերջինս ֆեյսբուքյան իր էջով Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ, ըստ վերջինիս, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, ինչն էլ առիթ է հանդիսացել քաղաքացիական հայցով դիմել դատարան։ Թագուհի Ասլանյանը հղում է կատարում տելեգրամյան անհայտ ալիքի, որը գրանցված լրատվամիջոց չէ, հայտնի չէ, թե ով է այն վարում և՝ որտեղի՞ց, և նշում է, որ Թագուհի Ասլանյանը ընդամենը արտատպել է ալիքի տված կոնտենտը։

Ստյոպա Սաֆարյանը, սակայն, նշում է, որ Թագուհի Ասլանյանը ոգևորված լինելով դատարանների նախորդ որոշումներից, սոցկայքով վիրավորանք է հասցրել իրեն և Ասլանյանի գրառումը, բացի այն, որ այդ տելեգրամյան ալիքը չի համարվում լրատվամիջոց և հայտնի չէ, թե ով է այն վարում, նաև կոնտենտի առումով է տարբերվում տելեգրամյան ալիքի բովանդակությունից։ 

«Ֆեյսբուքյան գրառում է կատարում՝ բավական գռեհիկ բառապաշարով, և հիմա ստիպված է հղում կատարում այդ անհայտ տելեգրամյան ալիքին, փորձում են ապացուցել, իբր իրենք չեն վիրավորանքի հեղինակը, այլ՝ այդ անհայտ «լրատվամիջոցը»։ Հավանաբար ընդդիմադիր լրատվականները գիտեն, թե ում են պատկանում այդ տելեգրամյան ալիքները։ Իրենք նախորդ նիստի ժամանակ շատ բուռն կերպով փորձում էին ապացուցել, որ Ասլանյանի օգտագործած բառերը նույնն են, ինչ այդ տելեգրամյան ալիքում օգտագործվածները, սակայն այդ ալիքով տարածված գրառման մեջ, ի տարբերություն Ասլանյանի գրառման, ո՛չ Արման Բաբաջանյանի անունը կար, ո՛չ Սեդա Սաֆարյանի։
Թագուհի Ասլանյանի գրառումը և տելեգրամյան այդ ալիքի կոնտենտի բովանդակությունը ընդամենը մեկ բառով էին համընկնում, այն էլ՝ այդ բառի արմատով», - ասաց Սաֆարյանը։

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Թագուհի Ասլանյանը նախորդ նիստի ժամանակ ասել է, որ ինքը ուղղակի իր վերաբերմունքն է արտահայտել։ Փաստաբանը հասկանալով, որ վատ բան է ասել, ուղղում է Ասլանյանին, որովհետև դա նշանակում է, որ պատասխանող կողմը՝ Թագուհի Ասլանյանը, դիտավորություն է ունեցել։ «Փաստաբանը՝ ավելի փորձառու լինելով հասկացավ, որ դա սխալ է և փոխեցին խոսքերը, հիմա էլ ասում են, իբր հղում են արել տելեգրամյան ալիքին», - ասաց Ստեփան Սաֆարյանը», - եզրափակեց Ստեփան Սաֆարյանը։

Վովա Հակոբյան