Այսօր Քոչարյանի համակիր Մանուել Մանուկյանի
տարածած և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին վերագրած առանձնատների լուսանկարների առթիվ, որոնք տարածվեցին հատկապես ընդդիմադիր մամուլում, պաշտպանության նախարարը պատրաստվում է դատական հայց ներկայացնել։
Այս մասին
Civic.am-ի հարցին ի պատասխան փոխանցեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ մանրամասնելով․ «Այսօր ֆեյսբուքյան օգտատերը գրառում է կատարել այն մասին, թե, իբր, Սուրեն Պապիկյանին է պատկանում «մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն»։ Սույն գրառումն ուղեկցվել է նաև Սուրեն Պապիկյանի հետ որևէ առնչություն չունեցող առանձնատների լուսանկարներով, Սուրեն Պապիկյանի անձը և հանրային գործունեությունը արատավորող տեղեկատվությամբ, ինչն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ֆեյսբուքյան գրառումը զետեղած ԶԼՄ-ներին հորդորում ենք օրենքով սահմանված կարգով հերքել մտացածին տեղեկությունները։ Սուրեն Պապիկյանը հիշյալ գրառման կապակցությամբ պատրաստվում է համապատասխան հայց ներկայացնել դատարան»։