Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Սեյրան Օհանյանը համաձայնի վաղեմության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելուն, ես չեմ կանգնի այս ամբիոնի մոտ. Գլխավոր դատախազ

Սեյրան Օհանյանը չի օգտվել վաղեմության ժամկետի հիմքով իր նկատմամբ հանրային քրեական վարույթը դադարեցնելու իրավունքից։

Արդյոք ցանկացած պահի Սեյրան Օհանյանը կարո՞ղ է օգտվել այդ իրավունքից, և ի՞նչ կարգավիճակ ունեն գործով անցնող մյուս անձինք։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ այս պահին այդ անձինք ունեն վկայի կարգավիճակ։ «Այդ անձանց մասով քննությունը շարունակվելու է, և այն ունի իր տրամաբանությունն ու տակտիկան։ Եթե ես այսօր եկել եմ ԱԺ և միջնորդում եմ թույլ տալ հանրային քրեական հետապնդում իրականացնել այն անձի նկատմամբ, ով այս շղթայի մաս է, և քննության տակտիկայից ելնելով այս անձին այդ կարգավիճակով քննելն իմպերատիվ պահանջ է, պայմանավորված է Քրեական դատավարության օրենսգրքի խիստ կարգավորումներով։ Այսինքն՝ Սեյրան Օհանյանին հարցաքննել վկայի կարգավիճակով, բայց մտքում ունենալ պոտենցիալ այլ կարգավիճակ, Քրեական դատավարության օրենսգիրքը և միջազգային որևէ փաստաթուղթ թույլ չեն տալիս»,- ասաց Աննա Վարդապետյանը։

Դատախազը նշեց նաև, որ անձի դատավարական իրավունքն է ցանկացած պահի նշելու, որ համաձայն է վաղեմության հիմքով  քրեական հետապնդման դադարեցմանը։ 

Վարդապետյանը նշեց նաև, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահից հաշված նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, ըստ հանցագործության ծանրության աստիճանի, ունի հստակ ժամկետներ։ Այսինքն՝ քննությունը պետք է ավարտել հնարավոր սեղմ ժամկետներում։