Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թմրանյութի ազդեցության տակ Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենան պարեկների ու քաղաքացիների ուղղությամբ վարած 25-ամյա երիտասարդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Թմրանյութի ազդեցության տակ Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենան պարեկների ու քաղաքացիների ուղղությամբ վարած 25-ամյա երիտասարդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք
12:48, 13 февраль 2023
Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքեն պարեկների ու քաղաքացիների ուղղությամբ վարած 25-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Civic․am-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ միջնորդությունը ներկայացվել է այսօր և դեռևս չի քննարկվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հասարակական կարգը առերևույթ խախտելով, մեքենան վարել է ոստիկանների և քացաքացիների ուղղությամբ՝ վրաերթի ենթարկելով պարեկներից մեկին։ Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն՝ անվադողերի ուղղությամբ, ավելի ուշ վարորդը թողել է մեքենան և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված։ Վարորդը ձերբակալվել է։

Ըստ ՔԿ-ի՝ նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2 մասի 6 կետով, 297-րդ հոդվածի 1 մասով, 396-րդ հոդվածի 2 մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։