Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ դիմում ներկայացրած նորելուկ փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը նույն օրն են փաստաբանի արտոնագիր ստացել ու միանգամից անցել «գործի»

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ դիմում ներկայացրած նորելուկ  փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը նույն օրն են փաստաբանի արտոնագիր ստացել ու միանգամից անցել «գործի»
Իրավունք
17:08, 20 март 2023
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը,  ինչպես հայտնել ենք,  «Հայաստան» խմբակցության  ներկայացրած՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան  դիմելու ԱԺ որոշման  նախագծին էր առնչվում։  Քննարկման  ժամանակ  հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն իր խոսքում հղում արեց  նորաթուխ երկու փաստաբանների «մասնագիտական վերլուծությանը»։ «Այս դիմումի մշակման և որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունները և դրա հիման վրա պատշաճ պատրաստված միջնորդագիրը ու դիմումը։  Ընդ որում, դիմումը ուղղված է եղել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին, և այս դիմումում արված վերլուծությունները ուղեկցվել են նաև կոնկրետ փաստական հանգամանքները հաստատող իրավական փաստաթղթերով»,- ազդարարեց Մինասյանը։  Հենց այդ, ինչպես պարզվեց նիստի ընթացքում, թերի, կամայական, կիսատ-պռատ «վերլուծությունն» էլ, ըստ էության, հիմք է տվել «Հայաստան» խմբակցությանը նման խոցելի  նախաձեռնությամբ հանդես գալու։ 

Այս ողջ պատմության մեջ, որին հանգամանորեն անդրադարձել ենք նախորդիվ, ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ թիրախավորվել է հանրությանը  քաջ հայտնի նախկին փաստաբանը փաստաբանության ոլորտում առաջին քայլերը կատարող, եթե կուզեք՝  թոթովախոս փաստաբանների կողմից։ Ի դեպ, մամուլում տիրաժավորվող իրենց  «մասնագիտական վերլուծություններում» հիշյալ երկու փաստաբանները ներկայացվում են ոչ թե որպես պարզապես փաստաբաններ, այլ հատուկ շեշտվում է նրանց՝  նորահայտ «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի  փաստաբան լինելու հանգամանքը։  Պարոնայք Բաբայանն ու Հակոբյանը, որոնք Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամներ են (Բաբայանն ու Հակոբյանը  «Պատիվ ունեմ» դաշինքի  նախընտրական ցուցակում էին ընդգրկված),  ենթադրաբար իրենց նոր զբաղմունքն ու նորաստեղծ գրասենյակը գովազդելու խնդիր ունեն։ (Երևի հասկացել են, որ փողոցային պայքարն ու  Հանրապետության հրապարակում ինքնագլոր քշելը անպտուղ  գործ է)։ Եվ հենց այդ՝ աչքի ընկնելու նպատակով է, թերևս, որ որոշել են արհեստականորեն սկանդալ հրահրել, իրենք իրենց դնել այդ սկանդալի կենտրոնում՝ օգտագործելով  իրենց երբեմնի կոլեգայի՝ Սաֆարյանի անունն ու նրա՝ մինչ ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնելը  վարած մասնագիտական գործունեությունը։ 

Նշենք մի ուշագրավ հանգամանք ևս. պարոնայք վանեցյանականները փաստաբանի իրենց արտոնագիրը ստացել են միայն վերջերս, ընդ որում՝ նույն օրը՝ 6.12.2022-ին։ Ավելին, հենց նույն օրն էլ գրանցվել է վերոհիշյալ փաստաբանական գրասենյակը, որի իրական շահառուները՝ 50/50 տոկոս մասնակցության չափով, Հակոբյանն ու Բաբայանն են։ 

Ովքե՞ր են Սեդա Սաֆարյանի հաշվին ինքնահաստատվող փաստաբանները

Սոս Հակոբյանը, նշենք, մինչև փաստաբան դառնալը հայտնի էր որպես «Հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ, իսկ Արսեն Բաբայանը մինչև ընդդիմադիր դառնալը պետական չինովնիկ էր, աշխատում էր որպես ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դրանից առաջ էլ եղել է Քրեակատարողական  վարչության մամուլի խոսնակը։  Հիշեցնենք, որ նա և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործով ամբաստանյալներ են:

Մասնավորապես  Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով ՀՀ  ԱԺ  աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Այս գործն առնչվում է  ՍԴ դատավոր  Հրայր Թովմասյանին,  մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, որպեսզի ՀՀԿ  պատգամավոր Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվեր ոչ թե նոր Սահմանադրությամբ նախատեսված 6 տարով, այլ դեռ գործող Սահմանադրությամբ՝ մինչև 70 տարեկանը լրանալը, մի խումբ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը և այնպես են արել, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մարտի 21-ին նշանակվի ՍԴ նախագահ։

Ըստ ՀՔԾ-ի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանությունը յուրացնելուն օժանդակելու մեջ մեղադրվող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին դիմումի վրա կեղծ տեղեկություններ է գրել։ Այսպես՝ Գ. Հարությունյանի դիմումը խորհրդարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային համակարգ է մուտքագրվել 2018-ի մարտի 5-ին, բայց Արսեն Բաբայանը ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով այդ դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ է գրառել, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դիմումի մուտքագրման ամսաթիվ է նշվել 2018 թվականի մարտի 2-ը։ Սրանով իսկ, ըստ ՀՔԾ-ի, Արսեն Բաբայանը խեղաթյուրել է այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում ԱԺ է մուտք արվել մարտի 5-ին։ Բաբայանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր, ապա նրա խափանման միջոցը փոխվել էր։   

Ի դեպ, այսօր ԱԺ համապատասխան հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո  «վերլուծության» համահեղինակ  Արսեն Բաբայանը ֆեյսբուքում մասնավորապես հատուկ շնորհակալություն է հայտնել Արծվիկ Մինասյանին՝ «ներկայացված միջնորդությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում լավագույնը ներկայացնելու համար»: «Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանության կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին որևէ աղերս չունեն իրականության հետ:  Տեղեկացնեմ, որ անկախ հանձնաժողովի քվեարկության արդյունքներից՝ մեր միջնորդությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում»,- «բարձրակոչ» հայտարարություն է արել Բաբայանը։ Նրա գործընկեր՝ միջնորդության համահեղինակ Սոս Հակոբյանն էլ մասնավորապես  իր հերթին է  «որպես քաղաքացի բարձր գնահատել»  Արծվիկ Մինասյանի ջանքերը՝ «շատ մանրամասն և պրոֆեսիոնալ կերպով պատասխանելու բոլոր ոչ պրոֆեսիոնալ և թեման շեղելու նպատակ ունեցող հարցադրումներին»։ 

Ելենա Ազատյան