Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարոն Մարգարյանի ապօրինի գույքի գործում «LEXUS L 5-570» ավտոմեքենայի արժեքը եղել է 1 միլիոն դրամ, սակայն դրա միջին շուկայական արժեքը կազմել է 20 մլն 500 հազար դրամ․ դատախազը ներկայացրեց հայցի հիմքի և առարկայի փոփոխություն

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր շարունակվեց Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։

Գործով դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն այսօրվա նիստում ներկայացրեց հայցի հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ և երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ փոփոխությունները կապված են փորձագիտական եզրակացությունների ստացման հետ, որոնք ստացել են հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո, և դրանով է  պայմանավորված հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդությունը։ 

«Մասնավորապես, փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված 2014 թվականի փետրվարի 12-ին ձեռք բերված «LEXUS L 5-570» մակնիշի ավտոմեքենայի հետ, որը ձեռք է բերվել մեկ միլիոն ՀՀ դրամով, ինչի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը նշանակել էր փորձաքննություն՝ տվյալ օրվա դրությամբ այդ գույքի շուկայական արժեքը պարզելու համար։ Եվ դատախազությունը ստացել է  փորձաքննությունը սույն թվականի մարտի 20-ին, ըստ որի՝ տվյալ գույքի տվյալ օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի միջին շուկայական արժեքը կազմել է  20 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։ Եվ կատարվել է վերահաշվարկ՝ հիմնվելով այդ փաստի հիման վրա»,- ասաց դատախազը։ 

Նշենք, որ մինչև այս միջնորդությունը դատախազությունը պահանջում էր Տարոն Մարգարյանից, նրա կնոջից, մորից, 2 որդիներից և վերջիններիս կանանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության տարածք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոց, երկու տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ, մեկ իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք, Երևանում գտնվող մեկ անշարժ և երեք շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ, 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և 98 մլն 247 հազար 854 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար), 2 ավտոտնակ։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան