Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնականի վրա, որը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Կրակել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնականի վրա, որը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ ՔԿ-ն վարույթ է հարուցել
Իրավունք
11:34, 19 май 2023
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քներական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ 

Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։ 

Դեպքի պարզված հանգամանքների, նախաքննության միջանկյալ արդյուքնների մասին ՀՀ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի»։

Նշենք, որ ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել, ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։ 

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նշվում է, որ վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։