Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասությունը ՔԿ լիազորություններից դուրս է․ Պատրաստ եմ ներողություն խնդրել այն շրջանակներից, ովքեր այս դեպքով հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից․ Արգիշտի Քյարամյան

«Գործուն զղջալու հիմքով է քրեական պատասխանատվությունից ազատվել այդ տեսանյութում երևացող անձը»,- Ազգային Ժողովում բյուջեյի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նշեց Քննչական Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցին, թե ի՞նչ հիմքով է Դիլիջանի ոստիկանության քրեականի պետը ազատվել պատասխանատվությունից, որը բռնություն է գործադրել 16-ամյա մատուցողի նկատմամբ։

Քյարամյանի խոսքով՝ նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասությունը ՀՀ քննչական կոմիտեի լիազորություններից դուրս է, անգամ նշված դեպքում այդ նորմի կիրառումը քրեական կոմիտեի մոտեցումներին հակասող է։ «Մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ»,-ասաց ՔԿ ղեկավարը։

Ըստ Քյարամյանի՝ իրավական տեսանկյունից օրենքը տալիս է այդ հնարավորությունը, և առաջին անգամ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն իրականացրած անձը կարող «գործուն զղջալու» հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից, սակայն դա հայեցողական է․ «Ես գիտեմ, որ հանրության շրջանակում բացասական արձագանք է գտել այդ տեսանյութի տարածումից հետո այդ երևույթը, և ես այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով միգուցե նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»։

Քյարամյանն ավելացրեց, որ վերադաս դատախազն արդեն իսկ գործը հսկող դատախազի որոշումը վերացրել է և քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։