Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանի քրեական ոստիկանության պետի՝ անչափահասին ծեծելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, ապա նրա նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել․ նշանակվել է ծառայողական քննություն

Դիլիջանի քրեական ոստիկանության պետի՝ անչափահասին ծեծելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, ապա նրա նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել․ նշանակվել է ծառայողական քննություն
Հայաստան
17:32, 01 июнь 2023
Ըստ Քննչական կոմիտեի, Armlur-ի տարածած տեսանյութի դեպքը, որում Դիլիջանի քրեական ոստիկանության պետ Արսեն Ղայթմազյանը սեփական անձի առավելությունը ցուցադրելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցադրելով բռնություն է կիրառել անչափահասի նկատմամբ, տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին։ 

«Քաղաքացու հաղորդումը Դատախազությունից ՀՀ քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին և նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ 2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։ 

Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է», - այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից: 

Նշենք, որ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նշանակում է ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ։ Քննչական կոմիտեից Civic.am-ին ասացին նաև, որ կոմիտեն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել անձին աշխատանքից ազատելու համար։ Նման լիազորություն ունի ոստիկանությունը, որի ծառայող հանդիսանում է Արսեն Ղայթմազյանը։ 

Ոստիկանությունից ասացին, որ ծառայողական քննություն նշանակվել է, սակայն աշխատանքից ազատելու մասին հարցին ի պատասխան նշեցին, որ դեպքի մասին ոստիկանությունը հայտարարություն կտարածի։ 

Վովա Հակոբյան