Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք շատ արագ արձագանքել ենք, կարիք չկա առանձին հայտարարություն անել, որ բռնությունը պետք է բացառված լինի մեր մշակույթից․ ՄԻՊ-ը՝ Հաղարծին հյուրանոցում 16-ամյա աշխատակցի ծեծի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիային՝ նշելով, որ կարևոր է հասկանալ, թե այն ինչ գործիքներ է տալիս և ինչ նպատակի է այն ուղղված։

«Ընտանիքում բռնության կանխարգելումը առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ցանկացած հասարակության առաջ և ՀՀ համար։ Հետևաբար շատ կարևոր եմ համարում ունենալ պատշաճ մեխանիզմներ այս առումով՝ կլինի Ստամբուլյան կոնվենցիա, թե ներպետական մեր օրենսդրությունը` կարևորը, որ մենք ունենանք պատշաճ գործիքներ», - ասաց Անահիտ Մանասյանն ու հավելեց, որ հասարակությունը հաճախ այս թեմաների հետ կապված ստանում է ձևախեղված տեղեկատվություն և քննարկումները գնում են ոչ թե բովանդակային մակարդակում, այլ՝ ֆորմալ ու ապատեղեկատվությամբ համեմված։

Անդրադառնալով Դիլիջանում ոստիկանության քրեական բաժնի պետի կողմից անչափահասին բռնության ենթարկելու հետ կապված հարցին, ՄԻՊ-ն ասաց, որ իրենք անմիջապես կապ են հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև կապ են հաստատել փաստաբանի հետ։

Թե ինչու ՄԻՊ-ը անմիջապես չի արձագանքել դեպքին, Մանասյանն ասաց, որ արձագանքը անմիջապես է եղել։ «Աշխատանքը խոսքով չի արվում, այլ արվում է փաստացի գործունեությամբ։ Մենք շատ արագ արձագանքել ենք, բոլոր պետական իրավասու մարմինների հետ անմիջապես կապվել ենք՝ հասկանալով, որ գրավոր հաղորդակցությունը կարող է շատ ավելի երկար տևել, բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել՝ մինչև գրավոր հաղորդակցությունը․․․ կարիք չկա առանձին հայտարարություն անել, որ բռնությունը պետք է ընդհանրապես բացառված լինի մեր մշակույթից։ Մենք հանրային հաղորդակցություն կվարենք այն քայլերի հետ կապված, որոնք նմանատիպ գործերի շրջանակում մենք ձեռնարկում ենք», - ասաց Անահիտ Մանասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում