Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թագուհի Թովմասյանի հայցադիմումը մերժվել է

Թագուհի Թովմասյանի հայցադիմումը մերժվել է
Իրավունք
19:08, 05 август 2023
Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը վարույթ չի ընդունել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի  հայցադիմումը։ Պատգամավորը պահանջում էր վերականգնել  Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում   իր լիազորությունները։ 

Դատարանը եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից, այն ընտրովի պաշտոն է։

Ըստ պարզաբանման՝ Ազգային ժողովի և Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հարաբերությունները ծագել են ոչ թե գործատուի և աշխատողի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի ընդունման հիման վրա, այլ Թագուհի Թովմասյանի՝ պատգամավորի կարգավիճակից ածանցվող մեկ այլ՝ հանրային պաշտոն չհանդիսացող մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության կողմից առաջադրվելու և Ազգային ժողովի կողմից ընտրվելու արդյունքում։

Իր որոշման մեջ դատարանը նաեւ նշել է, որ նման վեճերը ընդդատյա չեն ոչ  միայն ՀՀ վարչական, այլ նաեւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ բացակայում են աշխատանքային հարաբերությունները։