Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան և «Ավալանժ» ջերմատնային համալիր։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և գործարանի հիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել արտադրական հարթակներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և գինու արտադրության ամբողջական ցիկլին։
Հանրապետության նախագահը եղել է նաև Հայաստանում գինու պատմության առաջին թանգարանում, որտեղ ներկայացված է մեր բազմադարյա գինեգործական ավանդույթների ժառանգությունը։ Վահագն Խաչատուրյանը հետաքրքրվել է գործարանի զարգացման ծրագրերով և բարձր գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքները։
«Ավալանժ» ջերմատնային համալիրում Վահագն Խաչատուրյանը Սերգեյ Մովսիսյանի և ջերմատնային համալիրի հիմնադիր Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել համալիրի աշխատանքին, արտադրական գործունեությանը, ինչպես նաև ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին։