Կանխարգելիչ պատվաստումները համարվում են կատաղություն հիվանդության բուժում. ՀՎԿԱԿ

2025 թ. սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Վերջինս տեղափոխվել է ԲԿ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով: Այդ մասին ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Ֆեյսբուքի էջում։


 

«Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:


 

Անկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը: Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է.


 

Կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:


 

Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`


  • պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,
  • կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին անհապաղ հայտնել անասնաբույժներին,
  • չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի,
  • կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի»,- նշված է գրառման մեջ։


Հիշեցնենք՝  Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպքի մասին հայտնել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Նա նշել էր, որ տարվա ընթացքում եղել են նաև մահվան դեպքեր, և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը: