ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսն առաջին անգամ Իսրայելի
գործողությունները Գազայի հատվածում բացահայտ անվանել է «ցեղասպանություն» և «տոտալ
պատերազմ պաղեստինցիների դեմ»։ Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։
«Վերջին երկու տարիներին Իսրայելը ուղղակի
չի պաշտպանվել ՀԱՄԱՍ-ից։ Նա տոտալ պատերազմ է մղել ամբողջ պաղեստինցի ժողովրդի դեմ»,-
գրել է Սանդերսը իր հայտարարության մեջ։
Որպես փաստարկ՝ նա մեջբերել է ՄԱԿ-ի անկախ
փորձագետների հանձնաժողովի վերջին հաշվետվությունը, որը որոշել է, որ Իսրայելի գործողությունները
«համապատասխանում են Ցեղասպանության մասին կոնվենցիայում սահմանված չափանիշներին»,
և նշել, որ «կիսում է այդ տեսակետը»։
Ամերիկացի
սենատորը նշել է, որ պատերազմի հետևանքով զոհվել է առնվազն 65 հազար պաղեստինցի,
մոտավորապես 164 հազարը ստացել վիրավորում, ընդ որում՝ Իսրայելի ռազմաբազայի
տվյալները վկայում են, որ զոհերի 83%-ը եղել են խաղաղ բնակիչներ: Իսրայելի
գործողությունների կանխամտածված բնույթը հաստատելու համար նա մեջբերել է
պաշտպանության նախկին նախարար Յոավ
Գալանտի հայտարարությունները, որը պաղեստինցիներին անվանել է «անասուններ», և
ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի հայտարարությունները, որը հայտարարել է, թե «Գազան
ամբողջությամբ կոչնչացվի»:
Սանդերսն ընդգծել
է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու 2023 թվականի հոկտեմբերի 7-ի
հարձակումից հետո, որը խլել է մոտավորապես 1200 մարդու կյանք, սակայն նշել է, որ
պատասխան գործողությունները անդրադառնում են ամբողջ պաղեստինյան բնակչությանը։
«Մենք՝
ամերիկացիներս, պետք է դադարեցնենք մեր մասնակցությունը պաղեստինյան ժողովրդի
կոտորածին», - ասել է նա։
ԱՄՆ Սենատի
անդամը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, ավելացնել ՄԱԿ-ի հովանու ներքո մարդասիրական
օգնությունը և առաջ ընթանալ պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ։
Նա հիշեցրել է,
որ նախկինում հանդես է եկել հօգուտ Իսրայելին հարձակողական զենքի մատակարարումը
դադարեցնելուն, և կրկին կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը
«Բենիամին Նեթանյահուի ցեղասպան կառավարությանը»։ «Եթե Նեթանյահուն և նրա համախոհները՝
ռազմական հանցագործները, պատասխանատվության չենթարկվեն, այլ դեմագոգներ կհետևեն
նրա օրինակին»,- ընդգծել է Սանդերսը։
Սանդերսի
հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախապատրաստման ֆոնին, որի ժամանակ,
ինչպես սպասվում է, մի շարք երկրներ՝ ներառյալ Ավստրալիան, Ֆրանսիան,
Լյուքսեմբուրգը, Մալթան, Կանադան և Մեծ Բրիտանիան, մտադիր են ճանաչել Պաղեստինի
պետությունը։