29-ամյա քաղաքացուն առևանգել են, ծեծել, փորձել խեղդել. նրանից և ընկերներից պահանջել են 15 հազարական դոլար

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր BMW մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող հատվածում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը:


Վիճաբանության ժամանակ վերջինս փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, որը, սակայն, դանակով հարվածելով նրա ոտքին, փորձել է փախչել, ինչը չի հաջողվել: Այդ ընթացքում 30-ամյա երիտասարդն ատրճանակից կրակոց է արձակել:


Միջադեպի ընթացքում նրանց են միացել նաև մի խումբ այլ անձինք, այնուհետև շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել: Նրանց իրենց կամքին հակառակ կիսակառույց շինությունում պահել են մի քանի ժամ, ապա վերցրել են բջջային հեռախոսները և բաց թողել՝ յուրաքանչյուրից պահանջելով տասնհինգ հազար դոլար։ 


Նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա և 28-ամյա, Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երկու երիտասարդ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն: