Ամերիկացի ռեփեր Շոն Քոմսը, որը հայտնի է P. Diddy, Puff Daddy և Diddy բեմական անուններով, դատապարտվել է չորս տարի, երկու ամիս ազատազրկման՝ մարմնավաճառության մեջ ներգրավելու մեղադրանքներով։ Համապատասխան դատավճիռը ուրբաթ՝ հոկտեմբերի 3-ին, Նյու Յորքում հրապարակել է դատավոր Արուն Սուբրամանյանը։
Նա նաև նշանակել է առավելագույնը կես միլիոն դոլարի չափով տուգանք, հաղորդում է dpa գործակալությունը։ P. Diddy-ն արդեն մոտ մեկ տարի անցկացրել է նախնական կալանքի տակ, ինչը նշանակում է, որ նա կկարողանա ազատ արձակվել մոտ երեք տարի անց, հստակեցնում է AP լրատվական գործակալությունը։
Նշենք, որ դատախազությունը ռեփերի համար պահանջում էր ավելի քան 11 տարվա ազատազրկում։ Փաստաբանները պնդում էին անհապաղ ազատ արձակել նրան՝ պնդելով, որ ճաղերի հետևում անցկացրած ժամանակն արդեն իսկ ստիպել է նրան զղջալ իր կատարած արարքների համար։
Հուլիսի 2-ին Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները արդարացրել էին 55-ամյա ռեփերին և պրոդյուսերին հանցավոր համագործակցության և սեքսուալ շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքներով։
Միաժամանակ, P. Diddy-ն մեղավոր է ճանաչվել ավելի մեղմ հոդվածներով։ Տասներկու երդվյալ ատենակալները ապացուցված են համարել նրա մեղքը իր նախկին ընկերուհի Կասանդրա Վենտուրային և ևս մեկ տուժողի մարմնավաճառության մեջ ներգրավելու և նրանց ապօրինի տեղափոխման հարցում։
Հիշեցնենք, որ Շոն Քոմսը ձերբակալվել էր 2024 թվականի սեպտեմբերին։ Նյու Յորքի դատախազությունը նրան մեղադրել էր շորթման, մարդկանց թրաֆիքինգի և սեքսուալ բռնության մեջ։ Նա մերժում էր բոլոր մեղադրանքները։ Դատարանները մերժել էին գրավի դիմաց ռեփերին ազատ արձակելու մի քանի միջնորդություն։
Երաժիշտը հրաժարվել էր արտադատական կարգավորման առաջարկից, որից հետո գործի նյութերը փոխանցվել էին դատարան։ P. Diddy-ին մեղադրում էին տղամարդկանց և կանանց նկատմամբ սեքսուալ բռնության, նրանց օրգիաների և թմրանյութերով երեկույթներին մասնակցելուն հարկադրելու, հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որի անդամները առևանգումներ էին իրականացնում, հրկիզումներ էին կատարում, զբաղվում կաշառակերությամբ և խոչընդոտում արդարադատությանը։
Դատական գործընթացի ընթացքում ցուցմունք է տվել 34 վկա, այդ թվում՝ ռեփերի նախկին ընկերուհին՝ Կասանդրա Վենտուրան։