Պեկինը պատրաստ է 1 տրիլիոն դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում․ Bloomberg

Չինաստանը, առևտրային բանակցությունների շրջանակում, առաջարկել է մինչև 1 տրիլիոն դոլար ներդնել ամերիկյան տնտեսությունում՝ ԱՄՆ-ի տարածքում գործարքներ կատարելու սահմանափակումները վերացնելու դիմաց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Ըստ աղբյուրների՝ Պեկինը նաև ձգտում է իջեցնել մաքսատուրքերը այն ռեսուրսների ներկրման համար, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգներում գործող չինական գործարաններին։ Այս առաջարկները հնչել են սեպտեմբերին Մադրիդում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, որտեղ կողմերը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել TikTok-ը ամերիկյան վերահսկողության տակ անցկացնելու վերաբերյալ։


Պարբերականը նշում է, որ Պեկինի հնարավոր ներդրումները կգերազանցեն այլ երկրների համանման պարտավորությունները.


  • Եվրամիությունը նախատեսում է ներդնել 600 միլիարդ դոլար։

  • Ճապոնիան՝ 550 միլիարդ դոլար։

  • Հարավային Կորեան բանակցում է 350 միլիարդ դոլարի շուրջ։


Ընդ որում, Չինաստանի ներդրումները ԱՄՆ-ում կտրուկ կրճատվել են. 2016 թվականի ռեկորդային 57 միլիարդ դոլարից իջել են մինչև 2,1 միլիարդ դոլարի 2025 թվականի առաջին կիսամյակում։