Ամուլսարի հանքում արդյունահանման պրոցեսը սկսված է․ Գևորգ Պապոյան

840 միլիոն դոլարի շրջանառություն, 145 միլիոն դոլար հարկ պետական բյուջե, 1000-ից ավելի աշխատատեղ։ Ամուլսարի հանքավայրի մասին խոսելիս այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Բացի այդ, մեր ժողովուրդը 12,5 տոկոս մասնաբաժին ունի այս նախագծում։ Այս ամենը Ամուլսարի հանքում է։ Հանք, որտեղ արդեն արդյունահանման պրոցեսը սկսված է, շուտով կսկսվի նաև վերամշակման պրոցեսը»,-նշել է նախարարը։


Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը,  նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։


 


«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։

 


Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750մլն ԱՄՆ դոլար, որից 250մլն նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։



«Ամուլսարի ծրագիրը մեր երկրի ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է․ այն միաժամանակ խթանում է արդյունաբերության զարգացումը, ստեղծում նոր աշխատատեղեր և ապահովում զգալի հարկային մուտքեր պետական բյուջե», -նշել է նախարարը։


 

Նա հետևել է Ամուլսարի հանքավայրի տարածքում ենթակառուցվածքների և հիմնական շինարարական օբյեկտների լայնածավալ աշխատանքներին, որոնցում  ներգրավված է 10-ից ավելի ընկերություն։ 


 

Հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։


 

Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք: 


 

Ոսկու ներկայիս շուկայական գների հաշվարկով տարեկան վճարվելիք հարկերն ու ռոյալթիները շահագործման ընթացքում կազմելու են ավելի քան 120մլն ԱՄՆ դոլար։



Ընկերությունը նաև պարտավորվել է տարեկան 7մլն ԱՄՆ դոլար վճարել Ամուլսարի շրջակա խոշորացված Վայք, Սիսիան և Ջերմուկ համայնքներին։


 

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել 890 աշխատակից։