Արտակարգ պատահար ԱՄՆ-ում պայթուցիկ նյութերի գործարանում. կան զոհեր

Պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ Թենեսի նահանգում՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է (ստույգ թիվը չի նշվում- խմբ․), ոմանց ճակատագիրն անհայտ է մնում, հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Համֆրիս շրջանի շերիֆ Քրիս Դևիսին:


Ինչպես լրագրողներին հայտնել է Դևիսը, «այս պահին տեղեկություններ կան մի քանի զոհվածների և անհետ կորածների մասին»: Առնվազն 19 աշխատակիցների ճակատագիրն անհայտ է մնում։


Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Մասնագետները չեն կարողացել անմիջապես մտնել գործարանի տարածք շարունակվող պայթյունների պատճառով։


Մի քանի ԶԼՄ-ներ նշում են, որ գործարանը ռազմամթերք էր արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար։