«Վատ կլինի Պուտինի համար». Թրամփը նախազգուշացրել է՝ Ուկրաինա Tomahawk հրթիռներ կուղարկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինա ուղարկել Tomahawk հրթիռներ, եթե Ռուսաստանի հետ պատերազմը չկարգավորվի։


«Ես կարող եմ խոսել նրա (Պուտինի) հետ։ Ես կարող եմ ասել՝ տեսեք, եթե այս պատերազմը չկարգավորվի, ես նրանց (Ուկրաինային) կուղարկեմ «Տոմահավկ»-եր։ Ես կարող եմ դա ասել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին հարցին։


Նա Tomahawk-ը անվանել է «շատ հարձակողական զենք» և «ագրեսիայի նոր քայլ»։ «Եվ անկեղծ ասած, Ռուսաստանին դա պետք չէ։ Բայց եթե հակամարտությունը չկարգավորվի, մենք լիովին կարող ենք դա անել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։


Թրամփը նաև նշել է, որ «նախագահ Պուտինը հիանալի լույսի ներքո կերևար, եթե լուծեր այս հակամարտությունը», և հույս հայտնեց, որ դա տեղի կունենա։ «Իսկ եթե ոչ, ապա դա վատ կլինի նրա համար»,- նախազգուշացրել է նա։


Խոսելով Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների մասին՝ Թրամփն ասել է, որ լսել է այդ մասին, բայց հավելել է, որ «ստիպված կլինեն սպասել», քանի որ ներկայումս նա կենտրոնացած է այլ հակամարտությունների լուծման վրա: «Ես լավ եմ կարողանում խաղաղություն հաստատել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: