Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցի
համաձայն՝ անտիբիոտիկների նկատմամբ կայուն վարակների թիվն արագորեն աճում է
ամբողջ աշխարհում։
ԱՀԿ-ի կանխատեսմամբ՝ մինչև 2050 թվականը դեղորայքային կայունությամբ
պայմանավորված մահերի թիվը կարող է աճել 70%-ով։
2023 թվականին հաստատված յուրաքանչյուր վեցերորդ բակտերիալ վարակ
չի արձագանքել ստանդարտ բուժմանը։ The Guardian-ը հաղորդում է, որ վերջին հինգ տարում
անտիբիոտիկների 40%-ից ավելին կորցրել է իրենց արդյունավետությունը արյան, աղիքների,
միզուղիների և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ։
Միայն 2021 թվականին բակտերիալ վարակներից մահացել է 7,7 միլիոն
մարդ, որոնցից 4,71 միլիոն դեպք կապված է եղել անտիբիոտիկների նկատմամբ
կայունության հետ, իսկ 1,14 միլիոն դեպք ուղղակիորեն պայմանավորված է եղել դրանով։
ԱՀԿ-ի անտիբիոտիկառեզիստենտության վերահսկողության, կանխարգելման
և վերահսկման դեպարտամենտի տնօրեն Իվան Յուտինը նշել է. «Այս տվյալները ծայրահե՛ղ
մտահոգիչ են։ Բուժման հնարավորությունները կրճատվում են, իսկ մարդկային կյանքերը
հայտնվում են վտանգի տակ»։
Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում գրամ-բացասական բակտերիաները,
ներառյալ աղիքային ցուպիկը (Escherichia coli) և Klebsiella pneumoniae-ն,
որոնք առաջացնում են ծանր վարակներ՝ հաճախ հանգեցնելով սեպսիսի և մահվան։
Աղիքային ցուպիկի շտամների մոտ 40%-ը և կլեբսիելայի կեսից
ավելին կայուն են երրորդ սերնդի անտիբիոտիկների նկատմամբ։ Աֆրիկյան երկրներում
այս ցուցանիշը գերազանցում է 70%-ը։
Զեկույցը նաև արձանագրում է երկրորդ ընտրության դեղերի
(կարբապենեմներ և ֆտորքինոլոններ) նկատմամբ կայունության աճը, որոնք կիրառվում են ծանր
վարակների դեպքում։
«Անտիբիոտիկների հետազոտության և զարգացման գլոբալ գործընկերության»
ղեկավար Մանիկա Բալասեգարամը հայտարարել է, որ աշխարհը «մոտեցել է վտանգավոր
սահմանագծին»։ Նրա խոսքով՝ նոր դեղամիջոցներն ստեղծվում են չափազանց դանդաղ, իսկ
առկա դեղերը հաճախ չեն հասնում հիվանդներին։
«Մենք արագորեն մոտենում ենք անտիբիոտիկների դարաշրջանի ավարտին,
երբ նույնիսկ սովորական վարակները կրկին կարող են դառնալ մահացու»,- ասել է նա։