Վաշինգտոնը պետք է զգուշավորություն ցուցաբերի Պեկինի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր արգենտինացի գործընկեր Խավիեր Միլեի հետ հանդիպմանը լրագրողների հարցերին պատասխանելով։
«Մենք պետք է զգույշ լինենք Չինաստանի հետ։ Ես գերազանց հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ, բայց երբեմն դրանցում ծագում են բարդություններ, քանի որ Չինաստանը սիրում է օգտագործել ուրիշներին հանուն իր շահերի, իսկ նրանք չեն կարող օգտագործել մեզ։ Բայց մենք արդարացի հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Եվ ես կարծում եմ, որ դա լավ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ «եթե այդպես չլինի, դա նույնպես նորմալ է»։ «Եթե քեզ հարված են հասցնում, պետք է պաշտպանվել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։
Չինաստանի հետ այլ երկրների փոխգործակցությունների մասին խոսելով՝ ամերիկացի առաջնորդը նշել է. «Բոլորը գործ ունեն Չինաստանի հետ։ Նրանք մեզ հետ նույնպես պետք է գործ ունենան»։
Թրամփը նաև մեղադրել է Չինաստանին «տնտեսական թշնամանքի» մեջ՝ հայտարարելով, որ ամերիկյան սոյա գնելուց Պեկինի հրաժարումը վնաս է հասցնում ԱՄՆ ֆերմերներին: Թրամփը շեշտել է, որ Վաշինգտոնը քննարկում է Չինաստանի հետ բուսական յուղի և այլ ապրանքների առևտուրը դադարեցնելու հնարավորությունը՝ որպես պատասխան միջոց: Նրա խոսքով՝ Պեկինը «նպատակաուղղված դժվարություններ է ստեղծում ամերիկացի ֆերմերների համար»: Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն ունի բոլոր հնարավորությունները մեծացնելու սեփական բուսական յուղի արտադրությունը՝ առանց չինական ներմուծումից կախվածության: