ՆԱՏՕ-ում դիտարկում են ռուսական ինքնաթիռները խոցելու հնարավորությունը՝ դաշինքի երկրների օդային տարածքը ներխուժելու դեպքում

Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է միասնական կանոնների մի ամբողջություն, որը թույլ կտա խոցել ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքը խախտող ռուսական կործանիչները, հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրին։


Պարբերականի աղբյուրի խոսքով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ցանկանում են, որ ռուսական հարվածային հրթիռներ տեղափոխող ինքնաթիռները դիտարկվեն որպես հնարավոր թիրախներ։ Սպառնալիքների գնահատման հիմնական գործոնները կլինեն ինքնաթիռի թռիչքի հետագիծը և սպառազինությունը, ասել է նա։


Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնական սպառազինության ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը մասնավոր կարգով կոչ է արել ստեղծել «հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ»՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ապագա սադրանքներին արձագանքը հեշտացնելու համար: Աղբյուրների խոսքով՝ դա կօգնի վերացնել երկրների «ազգային սահմանափակումները», որոնք կարող են խանգարել ուժ կիրառել ի պատասխան խախտման: