Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հանդիպում անցկացնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Այս մասին Ամերիկայի առաջնորդը հայտնել է ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո։
«Նախագահ Պուտինը և ես այնուհետև կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, որպեսզի փորձենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմին»,- պարզաբանել է Թրամփը։
Թրամփը զրույցը բնութագրել է՝ արդյունավետ և նշել, որ Պուտինը շնորհավորել է իրեն և Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու կապակցությամբ։
Թրամփը կարծում է, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտի շուրջ բանակցություններին։
Ըստ նրա, Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփին երեխաների հետ կապված հումանիտար ծրագրերին մասնակցելու համար և նշել, որ այդ աշխատանքը կշարունակվի։
Կողմերը առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի հարցերին։ Առաջնորդները պայմանավորվել են բարձր մակարդակի խորհրդականների հանդիպում անցկացնել արդեն հաջորդ շաբաթ։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Թրամփը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին Օվալաձև աշխատասենյակում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, որտեղ կքննարկի Պուտինի հետ զրույցի արդյունքները և հետագա քայլերը։