ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կրկնել է իր պնդումը, որ Հնդկաստանը կհրաժարվի ռուսական նավթի գնումներից։
«Հնդկաստանն այլևս ռուսական նավթ չի գնի»,- ասել է նա լրագրողներին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա, Հնդկաստանը գնացել է իրավիճակի «դեէսկալացիայի» և «ետ է քաշվում», այն այլևս Ռուսաստանից նավթ չի գնի։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ծով ելք չունեցող Հունգարիայի մոտ բարդ իրավիճակ է ստեղծվում, և այն կախված է ՌԴ նավթի ներմուծումից։ «Տեսնենք, թե ինչ կլինի»,- եզրափակել է Թրամփը։
Այս շաբաթվա սկզբին ամերիկյան առաջնորդը հայտարարել էր, որ չորեքշաբթի օրը քննարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ռուսական նավթի հետ կապված հարցը։
«Ես դժգոհ էի, որ Հնդկաստանը նավթ է գնում (Ռուսաստանից), և Մոդին այսօր ինձ հավաստիացրեց, որ նրանք չեն գնի նավթ Ռուսաստանից։ Դա մեծ քայլ է»,- ասել էր Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսին։
Սակայն հինգշաբթի օրը Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտնել էր, որ տեղյակ չէ Թրամփի և Մոդիի որևէ շփման մասին, որոնց մասին նախօրեին խոսել էր Սպիտակ տան ղեկավարը։ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե եղել է արդյոք զրույց կամ հեռախոսազրույց վարչապետ Մոդիի և նախագահ Թրամփի միջև, ես տեղյակ չեմ երեկ երկու ղեկավարների միջև որևէ խոսակցության մասին»,- ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը մեջբերել էր The Economic Times-ը։