Զերծ մնացեք ցանկալի պատկեր տեսնելու՝ Ձեր վառ երևակայության դրսևորումներից. ՔԿ մամուլի քարտուղարը՝ Պողոսյանին

ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն արձագանքել է ակտիվիստ Կարապետ Պողոսյանի՝ Քննչական կոմիտեի Գյումրու քննչական վարչության դարպասներին առկա պատկերը որպես կիսալուսին ներկայացնելու հրապարակմանը: 


«Մի փոքր պատմական ակնարկով սկսեմ…


Շենքը կառուցվել է 1983 թվականին, եղել է Ստանդարտացման ազգային մարմնի շենքը: Ավելին ասեմ, այսպես կոչված «Չափ ու կշեռքի» շենքում հետագայում տեղակայված է եղել նաև Գյումրու քաղաքապետարանը՝ մինչեւ նոր շենքի կառուցումը:


Նկարում պատկերված նշանը հիմնադրման օրվանից եղել է շենքի դարպասների վրա ու հետաքրքիր է՝ ինչպես է վրիպել Ձեր աչքից:


Շենքի դարպասների վրա պատկերված են ռուսերեն «стандартизация» բառի С և т տառերը:


Զարմանալի է, որ լինելով գյումրեցի, մինչև հիմա չգիտեք, թե ինչ են նշանակում շենքի դարպասների վրա առկա տառերը:


Հորդում եմ զերծ մնալ մանիպուլացնող հայտարարություններ տարածելուց և ցանկալի պատկեր տեսնելու՝ Ձեր վառ երևակայության դրսևորումներից»,- գրել է Ավդակյանն ու լուսանկար հրապարակել:


Կարապետ Պողոսյանը նույն դարպասից լուսանկար էր հրապարակել՝ գրելով.


«Չէի նկատել, որ քննչական կոմիտեի Գյումրու կառույցի դարպասներին արդեն թուրքական կիսալուսին են ավելացրել, դե վայելենք»:


Գրառմանը կից՝ Պողոսյանը հետևյալ լուսանկարն էր հրապարակել.