Արամ Աբրահամյան․ հետսովետական հայ ինտելիգենցիայի շատ կարդացած, բայց քիչ հասկացած հատվածի օրինակելի ներկայացուցիչ․ Եղոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արամ Աբրահամյանն է, հանրապետության ամենահին թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, հետսովետական հայ ինտելիգենցիայի շատ կարդացած, բայց քիչ հասկացած հատվածի օրինակելի ներկայացուցիչ։


Պարոն Աբրահամյանը բնականաբար գիտի, թե ինչ ասել է «պաշտպանված աշխարհագրական նշում» (protected geographical indication)։ Գիտի նաև, որ 2017 թվականին ստորագրված Հայաստան֊Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով կողմերը պարտավորվել են հարգել միմյանց տարածքների աշխարհագրական նշումները։


Բայց նաև, հաշվի առնելով, որ պարոն Աբրահամյանի ուղեղում ոսկե տառերով դաճված է այն միտքը, որ Չերչիլը հայկական կոնյակ է խմել, հատուկ կոնյակի համար Համաձայնագիրը սահմանել է 25 տարվա անցումային շրջան` հնարավորություն տալով Հայաստանին ֆրանսիական այս աշխարհագրական անվանումից հրաժարվել աստիճանաբար (մինչև 2042 թվականը)։


Պարոն Աբրահամյանը այս ամենը գիտի, բայց ոչ միայն չի կատարում իր լրագրողական պարտականությունը (այն է` կոմունիկացնել այս լուրը հանրությանը, լուրը գրել, լրագրել), դեռ մի բան էլ այս կոմունիկացիան իրականացնող վարչապետին իր արևին հեգնում է։


Բա ի՞նչ անենք, չխոսե՞նք էս մասին։ Թաքցնե՞նք, որ 2017-ին բան ենք պարտավորվել անել ու բեռը թողնենք 2042 թվականի կառավարության վզի՞ն։