«Անմիջապես ձեր ափերի մոտ է աշխարհում ամենահզոր մեր ատոմային սուզանավը. Պատերազմը դադարեցրեք, ոչ թե ձեր զենքը ցուցադրեք». Թրամփը՝ Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետք է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնի, այլ ոչ թե փորձարկի միջուկային հրթիռներ։


Թրամփի մեկնաբանությունը հնչել է Պուտինի հայտարարությունից հետո առ այն, որ «հաջողությամբ փորձարկվել է» միջուկային շարժիչով զինված «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը։ Ռուսական կողմը պնդում է, որ հրթիռը օդում է գտնվել մոտ 15 ժամ և հաղթահարել է մոտ 14 հազար կիլոմետր։


«Նրանք գիտեն, որ մենք ունենք ատոմային սուզանավ՝ աշխարհում ամենահզորը՝ անմիջապես իրենց ափերի մոտ»,- լրագրողներին ասել է Թրամփը Ասիա կատարած ուղևորության ժամանակ Air Force One նախագահական ինքնաթիռում։


«Այսինքն՝ նկատի ունեմ, որ պարտադիր չէ, որ այն թռչի ութ հազար մղոն»,- ավելացրել է նա։


ԱՄՆ նախագահի խոսքով՝ սպառազինությունը ցուցադրելու փոխարեն հարկ է, որ Մոսկվան կենտրոնանա Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու վրա։


«Ես չեմ կարծում, որ Պուտինը պետք է նման հայտարարություններ անի։ Նա պետք է վերջ դնի պատերազմին։ Պատերազմը, որը պետք է տևեր մեկ շաբաթ, այժմ չորրորդ տարին է, ինչ ընթանում է։ Ահա թե ինչով նա պետք է զբաղվի, ոչ թե հրթիռներ փորձարկի»,- նշել է Թրամփը։


Լրագրողների հարցին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Կիմանաք»։