Սրբազան հայրե՛ր, այսօր միայն ձեզնից է կախված մատաղացու սրբազանների շքերթը շարունակվելու է, թե կանգ է առնելու․ Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Կտրիճ Ներսիսյանի նախկին գավազանակիր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Վերջերս, խորհրդակցության ընթացքում, երբ մի խնդրի մասին իմ կարծիքը հարցրեցին, ես ասացի, որ Գրիգորի որդի Կտրիճ Ներսիսյանի կողմից օծված եպիսկոպոսներից տասից ութի համար տոնացույցի ամենասուրբ օրը աշխատավարձի օրն է, ուստի, այդ սրբազանների հետ պետք է հարաբերվել` սա ի մտի ունենալով:


Ցանկանալով ցանկանում եմ, որ հաջորդ վճռորոշ երկու շաբաթների ընթացքում եպիսկոպոսները, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, իրենց քայլերով հակառակն ապացուցեն, և ես փակ խորհրդակցության ժամանակ հայտնած կարծիքիս համար հրապարակավ ու խոնարհաբար ներողություն կխնդրեմ:


Ինչպես Բագրատ և Միքայել սրբազանները պնդեցին ու հաստատեցին, որ Կտրիճի օրհնությամբ Հայաստանում փորձում էին իրականացնել տեռոր և զինված հեղաշրջում, այնպես էլ Արշակ սրբազանը, վստահ եմ, պնդելու է, որ «ՔԵՌԱԿԻՆ» ընտանեկան-վավերագրական ֆիլմի ռեժիսորը Գրիգորի որդի Կտրիճն է, ու որ ինքը ֆիլմում գլխավոր դերը ստանձնել է պարոն Ներսիսյանի օրհնությամբ: Սրբազան հայրե՛ր, այսօր միայն ձեզնից է կախված մատաղացու սրբազանների շքերթը շարունակվելու է, թե կանգ է առնելու: Դուք շատ ժամանակ չունեք, ընդամենը երկու շաբաթ:


Կա՛մ դուրս եք գալիս կրավորականության պատյանից ու ապաշխարությամբ ԵՐԿԻՆՔ նայում՝ հավատարմություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը, կա՛մ շարունակում եք ձեր ընթացքը՝ դառնալով Հայաստանում տեռորի և ռազմական հեղաշջման փորձի մեղսակիցն ու պատասխանատուն, ինչպես նաև դառնում եք «ՔԵՌԱԿԻՆ» ֆիլմի համառեժիսոր:


Սրբազան հայրե՛ր, Կտրիճը և իր արքեպիսկոպոս արյունակից եղբայրը շարունակելու են երրորդ երկրների շահերին ծառայելու պետականադավ ու աստվածուրաց ընթացքը: Նրանք չունեն նահանջի տարբերակ: Հրամանները չկատարելու դեպքում օտար գործատուների կողմից հաշվեհարդարը նրանց համար կարող է շատ դաժան լինել, ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Սրբազան հայրեր, որոշումը ձերն է, ժամանակը՝ սուղ, առաջիկա օրերին դուք պիտի որոշում կայացնեք. արդյոք դուք վերջնականապես դառնում եք կտրիճներ և եզրասներ՝ իրենց բոլոր հետևանքներով, թե մերժում եք պետականադավ ու աստվածուրաց Ներսիսյան զույգին և ապաշխարությամբ, աղոթքով, պահքով ու սիրով լծվում մեր սուրբ Եկեղեցու վերանորոգության գործին: «Ես եմ բարի հովիվը, բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար»: