Ինչ-որ բան ինձ հուշում է նաև, որ Պլատոնը տեր Ռուբենի ընկերը չէ․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հիմա էլ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն վարդապետ Զարգարյանն է որոշել մեզ բացատրել, որ ժողովրդավարությունը վատ բան է` վկայակոչելով Պլատոնին:


Դեռ լավ է, որ Պլատոնով է սահմանափակվել, թե չէ կարող էր նաև արքեպիսկոպոս Աջապահյանին վկայակոչել, որն ասում էր, որ ժողովրդավարությունը չարիք է, և որ ոչ բոլորը պիտի ընտրելու իրավունք ունենան:


Բայց վերադառնանք տեր Ռուբենին ու Պլատոնին:


Տեր Ռուբենը ճիշտ է, որ մոտ 2500 տարի առաջ ապրած Պլատոնը ժողովրդավարության ամենամեծ սիրահարը չէր: Նա համարում էր, որ ժողովրդավարությունը երկրորդ ամենավատ կառավարման ձևն է` բռնապետությունից հետո:


Փոխարենը Պլատոնը համարում էր, որ կառավարման լավագույն ձևն արիստոկրատիան է` երբ կկառավարեն փիլիսոփա-արքաները, որոնք չեն ունենա եկամուտ և մասնավոր սեփականություն:


Շատ լավ, հիմա մնում է պարզել` Կտրիճ Ներսիսյանի քաղաքական դպրոցի ներկայացուցիչների փիլիսոփա-արքաները` Քոչարյանն ու ռուսաստանցի գործարարը պատրա՞ստ են արդյոք հրաժարվել իրենց ամբողջ սեփականությունից:


Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ոչ:


Ինչ-որ բան ինձ հուշում է նաև, որ Պլատոնը տեր Ռուբենի ընկերը չէ: