ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը Փուսանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և համաձայնել են համատեղ աշխատել այն ավարտելու համար։ Թրամփը այս հայտարարությունն արել է Air Force One ինքնաթիռում՝ Հարավային Կորեայից մեկնելուց հետո։
«Մենք երկար
քննարկել ենք այս հարցը և համաձայնել ենք միասին աշխատել, որպեսզի փորձենք
արդյունքի հասնել։ Մենք համաձայն ենք, որ երկու կողմերը, գիտեք, հակամարտության փակուղու
մեջ են և կռվում են, և երբեմն, գուցե, ստիպված թույլ է տրվում նրանց կռվել։ Խելահեղություն։
Բայց նա կօգնի մեզ, և մենք միասին կաշխատենք Ուկրաինայի հարցում»,- ասել է նա։
CNN-ի
հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը դրական է գնահատել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ
իր հանդիպումը՝ հայտարարելով, որ իրենք հասել են առևտրային համաձայնագրի, որը
կարող է ստորագրվել մոտակա ժամանակներս, բայց նա այլ մանրամասներ չի հայտնել։ «Դա
հիանալի հանդիպում էր։ Նա մեծ առաջնորդ է»,- ասել է Թրամփը։ 10-բալանոց սանդղակով
(որտեղ 10-ը ամենաբարձր գնահատականն է) նա հանդիպմանը տվել է 12 գնահատականը։
ԱՄՆ
նախագահը հայտարարել է, որ ֆենտանիլի պատճառով չինական ապրանքների վրա սահմանված
մաքսատուրքերը 20%-ից կնվազեցվեն մինչև 10%։
«Ես մաքսատուրքը
նվազեցրել եմ 10%-ով, ուստի այն ուժի մեջ է մտնում անմիջապես՝ 10% 20%-ի փոխարեն»,-
հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ Սի Ցզինպինը «ջանադրաբար
կաշխատի» ֆենտանիլի մատակարարումները դադարեցնելու համար։
Այսպիսով,
պարզաբանել է Թրամփը, ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքը 57%-ից
նվազեցվել է մինչև 47%։